Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ վարկով բարձրավոլտ մենաշնորհ ՌԴ պետկորպորացիային

Հունիս 01,2016 13:27

Մայիսի 30-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ն.գ. դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրեն Արամ Անանյանը և Կովկասում KFW գրասենյակի տնօրեն Լարս Օերմանը ստորագրել են դրամաշնորհային համաձայնագիր:

Ըստ այդ համաձայնագրի Եվրոպական միության հարևանության ներդրումային գործիքի միջոցով ՀՀ-ին տրամադրվել են 10 մլն եվրո դրամաշնորհային միջոցներ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 1-ին փուլի իրականացման համար:

Այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 105,2 մլն եվրո, որից 85,2 մլն եվրո վարկը տրամադրել է KFW բանկը` 75 մլն եվրո սեփական միջոցներից և 10,2 մլն եվրո` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից տրամադրված ֆինանսական միջոցներից: Բացի այդ ծրագրի 1-ին փուլը համաֆինանսավորվել է Եվրոպական ներդրումային բանկի կողմից 10 մլն եվրո արժողությամբ վարկային միջոցներով:

Ծրագրով նախատեսվում է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը` վրացական սահմանին մոտ` Այրումում տեղակայվող բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով: Ծրագրի շրջանակում նոր ենթակայանի և հոսանքագծի կառուցման շնորհիվ Հայաստանը և Վրաստանը կաշխատեն միևնույն ռեժիմում, ինչը հնարավորություն կտա, էլեկտրաէներգիայի պակասուրդի դեպքում, ներմուծել, իսկ ավելցուկի դեպքում` արտահանել էլեկտրաէներգիա:
Սա, անշուշտ, շատ կարևոր նախագիծ է, որը դրական կանդրադառնար Հայաստանի էներգետիկ համակարգի վրա, եթե այս ամենի ֆոնին 2015 թվականին չստորագրվեր «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ համաձայնագրին կից» արձանագրությունը:

Արձանագրությամբ, մասնավորապես, «Գազպրոմ Արմենիան» երաշխավորված նախապատվություն է ունենալու դեռևս կառուցվող Իրան-Հայաստան և Վրաստան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով դեպի Իրան ու Վրաստան 400կՎ լարմամբ էլեկտրաէներգիա արտահանելու համար: Դրա դիմաց, փաստացի, ռուսական պետկորպորացիա հանդիսացող «Գազպրոմը» համաձայնվեց Հայաստանում բնակիչ-բաժանորդների համար չբարձրացնել գազի գինը (դրամի արժեզրկման ֆոնին):

Ստացվում է, որ ՀՀ-ն 105,2 մլն. եվրոյի վարկ է վերցնում Եվրոպական տարբեր կառույցներից, որպեսզի իրականացնի մի ծրագիր, որ արդյունքի օգտագործումը «երաշխավորված նախապատվությամբ» կամ որ նույն է, դե-ֆակտո մենաշնորհով հանձնելու է ռուսական պետկորպորացիա հանդիսացող «Գազպրոմ Արմենիային»: Այլ կերպ ասած, ռուսական պետական այս ընկերությունը Եվրոպական վարկի և դրամաշնորհի միջոցով կառուցված բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով իրեն իսկ պատկանող «Հրազդան-5» ջերմաէլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիան արտահանելու մենաշնորհ կունենա, դրանից շահույթներ կստանա, իսկ Հայաստանի քաղաքացիները կվճարեն վարկի մարման համար:
Տաթևիկ Վարդանյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930