Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ըստ Մարինե Ֆարմանյանի, մեր երկրում երեխաների նկատմամբ բռնությունները շատ չեն

Հունիս 01,2016 13:09

Հայաստանում ընտանեկան օրենսդրությունը եւ երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող օրենսդրական կարգավորումները բավարար են, չնայած պրակտիկ կիրառության մեջ են խնդիրներ առաջանում: Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով «Պոստ սկրիպտում» ակումբում անդրադառնալով երեխաների իրավունքներին՝ նման կարծիք հայտնեց փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանը:

Նրա խոսքերով՝ որքան էլ օրենսդրական կարգավորումներ լինեն, հիմնականում մեծ բեռն ընկնում է ընտանիքում բարոյական փոխհարաբերությունների վրա:

Արդյոք տարածվա՞ծ են մեր երկրում երեխաների նկատմամբ բռնությունները, փաստաբանն ասում է՝ շատ չեն. «Մենք մենթալիտետով տարբերվում ենք, որ երեխաներին աստվածացնում ենք, հետեւաբար բռնությունները շատ չեն»:

Ֆարմանյանի կարծիքով՝ ընտանեկան իրավունքն ու երեխաների պաշտպանության ոլորտը նուրբ է, կտրուկ լուծումներ չպետք է տրվեն։

Փաստաբանի դիտարկմամբ՝ ընտանեկան հարաբերությունների վրա անմիջական ազդեցություն են թողնում Քաղաքացիական դատավարության բացթողումները: Օրինակ՝ ալիմենտի բռնագանձման պահանջի, երեխաների հետ տեսակցության նշանակման հետ կապված հարցերը. երկար ձգձգվող դատական գործընթացի պատճառով ալիմենտի բռնագանձման պահանջին երկար ժամանակ լուծում չի տրվում:

Ըստ փաստաբանի. «Հայցվորը դիմում է դատարան: Դատական նիստերը երկար ժամանակ ձգձգվում են, քանի որ դատարանները խայտառակ ծանրաբեռնված են: Կինը, որը վատ հարաբերություններ ունի ամուսնու հետ, ալիմենտի բռնագանձման պահանջ է ներկայացնում՝ հույս ունենալով, որ կարճ ժամանակ անց այդ ալիմենտը կտրվի, կկարողանա իր երեխայի կարիքները հոգալ, սակայն դատական նիստերը նշանակվում են ուշ-ուշ: Այդ ընթացում առկախ է մնում, թե ինչպես պետք է երեխայի կարիքները հոգալ»:

Ինչ վերաբերում է տեսակցություններին, ապա Ֆարմանյանը նկատեց՝ այստեղ եւս խնդիրներ են առաջանում դատարանների ծանրաբեռնվածության պատճառով. հայցվորը դիմում է դատարան եւ մի քանի տարի չի կարողանում տեսնել երեխային. «Այս վիճակը բարոյահոգեբանական վատ ազդեցություն է թողնում 2 կողմի վրա էլ»:

Փաստաբանի խոսքերով՝ իր պրակտիկայում հաճախ է հանդիպում դեպքերի, երբ դատական գործընթացի ձգձգումների պատճառով դատական վեճերը տեղափոխվում են ընտանեկան առօրյա ու ծնողները երեխայի ներկայությամբ սկսում են վիճաբանել: Այս երեւույթը, փաստաբանի գնահատմամբ՝ ազդում է երեխայի վրա եւ, երբ ծնողները վիճում են երեխայի ներկայությամբ նրանց կողմից բռնություն է երեխայի նկատմամբ. «Քանի որ ծնողներն իրենց վարքագծով ազդում են երեխայի հոգեբանության վրա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930