Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ պապան գնաց պոստեր, ես աղոթում էի, որ մի բան անի՝ կռիվը վերջանա»

Հունիս 01,2016 12:54

«Գիշերը՝ ժամը չորսին, արթնացանք կրակոցների ձայներից: Հայրս ասաց՝ իջեք նկուղ, ես գնում եմ պոստեր (նա կապիտան է): Քիչ անց եկավ նրա մտերիմ ընկերը, միասին գնացին: Մինչև գնալը իջան նկուղ, հայրիկի ընկերն ասաց՝ մենք էլի ապրել ենք, բայց էս էրեխեքը չեն ապրել, պիտի գնանք կռվենք: Գնացին: Հայրս վիրավորվեց, իսկ ընկերը զոհվեց»,- Aravot.am-ի հետ զրույցում ապրիլյան պատերազմի սկիզբն է հիշում հինգերորդ դասարանի աշակերտուհի Հռիփսիմե Սարյանը, որը մինչև պատերազմը Մատաղիսի Ռադիկ Մարտիրոսյանի անվան միջնակարգ դպրոցում է սովորել, իսկ հիմա Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան երկրորդ հիմնական դպրոցում է սովորում:

«Հետո ասացին, որ նկուղից պիտի բարձրանանք տուն,- շարունակեց Հռիփսիմեն,- անհրաժեշտ մի քանի բաներ վերցնենք, շուտով ավտոբուս է գալու, մեզ տանի Մաղավուզ: Այնտեղ էլ ամեն մեկը կորոշի՝ հետո ինչ անի: Բոլոր հայրիկներն իրենց ընտանիքներին էին ճանապարհում տուն, իսկ իմ հայրիկը գնացել էր իր զինվորների մոտ, որ նրանք մենակ չմնան: Ես նայում էի իրենց ընտանիքներին ճանապարհող հայրիկներին ու կարոտում էի հայրիկիս…

Մատաղիսից Մաղավուզ գնալիս սկսեցին կրակել մեր ավտոբուսի վրա, պատուհանները ջարդվեցին: Ես որոշեցի պահը բաց չթողնել ու նկարել: Չէի վախենում: Սիրում եմ իմ հայրենիքը, դրա համար էլ չեմ վախենում: Նկարում էի, որ հետո հայրիկին ցույց տամ: Պահում եմ այդ նկարը: Նույնիսկ բանաստեղծություններ եմ գրել նկարին նայելիս»:

Հռիփսիմեն ասաց, որ պատերազմի մասին շատ է լսել. ծնողներն են պատմել. «Գիտեի, որ պատերազմը շատ դաժան է լինում: Հայրս ու մայրս միշտ պատմում են՝ ինչպես է կռիվը եղել, ինչ տուն են ունեցել, պատմել են, որ իրենք հողի տակ էին ապրում, լույս չկար… Երբ այս պատերազմը սկսվեց, մտածում էի, որ մենք էլ չենք լինելու. թուրքերը, ավտոմատները ձեռքներին, գալու են մեզ սպանեն»:

Ընտանիքի հետ այժմ Ստեփանակերտում ապրող Հռիփսիմեն վստահ է, որ շուտով վերադառնալու են Մատաղիս՝ իրենց տուն, որտեղ ինքն իր համար շատ կարևոր մի բան է թողել. «Ինձ համար թանկ բաները միշտ հետս վերցնում եմ, բայց չգիտեմ՝ ինչպես այս անգամ չվերցրի ամենաթանկ բանը՝ հայրիկիս նվիրած խաչը: Այն Մատաղիսի մեր տանը մնաց»:

Հռիփսիմեի քույրիկը՝ վեցերորդ դասարանի աշակերտուհի Անի Սարյանն էլ է հավատում, որ շուտով Մատաղիս են վերադառնալու. «Կհանդարտվի, կվերադառնանք, հո չե՞նք թողնելու մեր տունը, գնանք ուրիշ տեղ»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Մինչև ապրիլյան պատերազմը, Անին կրակոցների ձայներ շատ է լսել, «բայց այդպես չէին». «Արթնացա, մաման ասաց՝ շուտ արա, վեր կաց: Հարցրի՝ մամ, երա՞զ է, ասաց՝ չէ, երազ չէ, շուտ արա, իջնենք նկուղ: Իջանք: Շատ մարդիկ կային այնտեղ, փոքր երեխաներ, որոնք լացում էին…

Երբ պապան գնաց պոստեր, ես աղոթում էի, որ մի բան անի՝ կռիվը վերջանա, խաղաղվի ամեն ինչ, գնանք մեր տները, աղոթում էի, որ պապային ոչ մի բան չլինի, (մենակ պապային չէ, ընդհանրապես հայ զինվորներին)»,- ասաց Անին:

Նշենք, որ Հռիփսիմե և Անի Սարյաններն այս օրերին Երևանում են «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2015 թվականին։

Հաշվի առնելով ծրագրի դրական արձագանքները և ապրիլյան պատերազմից հետո երեխաների հոգեվիճակի կայունացման հանգամանքը՝ 2016 թվականին նախատեսվել է նաև ԼՂՀ-ի, հատկապես Թալիշի, Մարտակերտի, Մատաղիսի աշակերտների մասնակցությունը ծրագրին:

Այս տարի նույնպես ծրագիրը կիրականացվի երկու փուլով՝ հունիս և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

«Մշակութային կազմակերպություն-դպրոց» ծրագրի առաջին փուլը մեկնարկում է այսօր՝ hունիսի 1-ին, ՀՀ մարզերի և ԼՂՀ քաղաքային ու գյուղական համայնքների աշակերտների համար: Ծրագրում ընդգրկված է 310 երեխա:

Ծրագրի շրջանակներում, ԼՂՀ-ից և ՀՀ մարզերից ժամանած աշակերտները կշրջեն Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի պատմության թանգարանում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Հովհ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Ա. Խաչատրյանի տուն-թանգարաններում, կայցելեն նաև Կոմիտասի անվան պանթեոն: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեխաները կդիտեն Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան, ներկա կլինեն Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի /գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Նորայր Դավթյան/ համերգներին և այլն:

Ծրագրի մասնակից ԼՂՀ և ՀՀ մարզերի երեխաներին կմիանան նաև Հայաստանում ապրող սիրիահայ երեխաներն ու Երևանի հանրակրթական դպրոցների աշակերտները:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930