Վաղը՝ 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին խորհրդարանական նախագիծը։ Այս օրերին թեման խիստ արդիական և շատ քննարկվող է հատկապես Թուրքիայում ու Գերմանիայում։
Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշումն է արտահայտել նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրիեթ»-ը։
Սպասվում է, որ վերը նշված քվեարկությանը չեն մասնակցելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու այդ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը։ Այդ ժամերին Մերկելը պետք է ելույթ ունենա Բեռլինում կազմակերպված հերթական գագաթնաժողովներից մեկում, իսկ Շտայնմայերը ներկա չի լինի, որովհետև արտագնա այցով կմեկնի Արգենտինա։
Գերմանիայի ԱԳ նախարար Շտայնմայերը պատասխանել է Բեռլինում աշխատող արտասահմանցի լրագրողների հարցերին։ Շտայնմայերին հարց ուղղելու հնարավորություն ստացած թուրքական «Հյուրիեթ»-ի լրագրողը հարցրել է՝ ճի՞շտ է արդյոք 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունը դատապարտելը և մտահոգվա՞ծ չէ արդյոք Գերմանիայի ԱԳ նախարարը, որ այդ օրինագիծը կարող է բացասաբար ազդել թուրք-գերմանական հարաբերությունների վրա։
Կարդացեք նաև
Հարցին ի պատասխան, Շտայնմայերն ասել է. «Փաստը, որ իրադարձությունը տեղի է ունեցել 100 տարի առաջ, խոչընդոտ չէ, որ խորհրդարանը քննարկի դա։ Սա չի վերաբերում միայն հայկական օրինագծի վերաբերյալ Գերմանիայի խորհրդարանի քննարկումներին։ Եվրոպայի մյուս խորհրդարաններն էլ են քննում պատմական դեպքերը և գնահատական տալիս դրանց։ Ես մշտապես նշել եմ, որ 100 տարի անց էլ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել պատմական այդ իրադարձությանը»։