Միջազգային հեղինակավոր Forbes-ը ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ պատմում է սիրիացի մի ընտանիքի մասին, որը ապաստանել է Հայաստանի Հանրապետությունում։
Հոդվածի սկզբում հեղինակը գրում է, որ շուրջ մեկ ամիս առաջ բացվել է սիրիական ևս մեկ ռեստորան, բայց այս անգամ՝ Հայաստանում։ Ռեստորանի հիմնադիրներից մեկը 24-ամյա Շաղիկ Ռասթքելենյանն է, որը Հայաստան է տեղափոխվել արդեն 4 տարի առաջ՝ իր ընտանիքի հետ միասին։ Նրա երկու քույրն ու մայրը աշխատում են իրենց ռեստորանում, որը կարողանում է 30-40 հաճախորդ ընդունել։
Ռասթքելենյանը պատմել է իր զգացողությունների և իր ընտանիքի մասին. «Ես սիրում եմ Հայաստանը։ Ես ուզում եմ ապրել այստեղ։ Ես չեմ գնա որևէ այլ տեղ։ Մայրս պրոֆեսիոնալ խոհարար է։ Նա պատրաստում է արաբական և սիրիական ճաշատեսակներ, բոլորը գիտեն նրան»։
Հեղինակավոր պարբերականը փաստում է Հայաստանի և Սիրիայի միջև սերտ կապը, նշելով, որ Սիրիայում մշտապես ապրել է հայկական հոծ համայնք։ Սիրիայում ապրող հայերի վիճակը բարդացավ վերջին տարիներին՝ այդ երկրում տեղի ունեցող գործընթացների հետևանքով։ Դրանից հետո Սիրիայում ապրող բազմաթիվ հայեր վերադարձել են հայրենիք, վերադարձողներից է նաև Շաղիկ Ռասթքելենյանը։ Նրա խոսքերով. «Ես կարծում եմ՝ աշխատասեր մարդիկ կարող են գտնել իրենց կյանքը ցանկացած վայրում»։
Կարդացեք նաև
Այս տարիներին Շաղիկը նկատել է մեկ թերություն, որի մասին նույնպես խոսել է. «Այստեղի միակ խնդիրն այն է, որ դու կարող ես զբաղվել մի այն փոքր բիզնեսով։ Տնտեսությունը փոքր է»։ Ռասթքելենյանի կարծիքով՝ 10.000 ԱՄՆ դոլարի սահմաններում Հայաստանում կարելի է ռեստորան բացել։
Հոդվածում նշվում է նաև, որ շուրջ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի Հանրապետությունն այս տարիներին ընդունել է շուրջ 17.000 փախստականի։