Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի վարչապետ. Եթե ճանաչեն ցեղասպանությունը, դա մեզ համար օրենքի ուժ չի ունենա. «Հաբերլեր»

Հունիս 01,2016 11:49

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն» կատարելիք այցից առաջ, պատասխանել է լրագրողների հարցերին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։

Լրագրողներից մեկը Յըլդըրըմին խնդրել է մեկնաբանել 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի նախագծի քվեարկությունը։ Վարչապետ Յըլդըրըմը խիստ քննադատության է ենթարկել այդ նախաձեռնությունը՝ ասելով. «Դա շատ անմիտ քվեարկություն է։ Դրանք Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած սովորական դեպքեր էին, որ կարող էին պատահել ցանկացած ժողովրդի հետ»։

Թուրքիայի վարչապետ Յըլդըդրմն ասել է, որ իրենք կողմ են, որպեսզի ուսումնասիրվի Հայաստանի և Թուրքիայի պատմությունը, բայց դա պետք է անեն ոչ թե խորհրդարանները, այլ պատմաբանները։

Յըլդըրըմը նշել է նաև, որ այս թեմայով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույց է նախաձեռնել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Դրանից հետո էլ արդեն Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ խորհրդարանական նախագիծը քննարկվել է  Մերկելի և Յըլդըրըմի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում։

Լրագրողի այն հարցին՝ եթե, այնուամենայնիվ, Գերմանիայի խորհրդարանն ընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագիծը, ի՞նչ տեղի կունենա, վարչապետ Յըլդըրըմը պատասխանել է. «Ոչ մի բան էլ չի լինի։ Անցյալում նմանատիպ օրինագծեր են ընդունվել նաև այլ երկրներում։ Մեզ համար դա օրենքի ուժ չունի, բայց մենք չենք ուզում, որ օրինագիծն ընդունվի։ Գերմանիայի հետ մեր հարաբերությունները շատ լավ մակարդակում են։ Գերմանիան Թուրքիային սպառնացող, Թուրքիայի դեմ նախագծեր իրականացնող պետություն չէ, երկերեսանի երկիր չէ։ Եթե օրինագիծն ընդունվի, մենք չենք կարող չեղյալ հայտարարել Գերմանիայի հետ մեր պայմանավորվածությունները։ Սա ցեղապետություն չէ»։

Տեղեկացնենք նաև, որ ավանդույթի համաձայն՝ Թուրքիայի նորընտիր վարչապետերի արտասահմանյան առաջին այցելության վայրը «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունն» է, որտեղից էլ մեկնում են Ադրբեջան։ Բինալի Յըլդըրըմի՝ Ադրբեջան կատարելիք այցը նախատեսված է 2016թ. հունիսի 3-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. nairi urartatsi says:

    Վաղ, թե ուշ բոլոր հանցագործությունները բացահայտվում են ու պատժվում: Բայց
    ոչ բոլոր հանցագործներն են տղամարդավարի ընդում իրենց մեղքը: Ընդհակառակը,
    իրենց պահում են ամենաստոր ձևով՝ փորձելով հերքել կատարած հանցանքը զանազան
    կոմիկական, խեղկատակ պահվածքով:
    Այդ տեսակետից բացառություն չէ թուրքիայի և նրա նոր վարչապետի պահվածքը, ոչ էլ
    նորություն: Հրեշը դատապարտվում է հերթական անգամ: Արդեն 100 տարի դատավճիռ
    են կայացնում նույն հանցանքի, մարդկության դեմ կատարված հրեշավոր մի եևույթի
    համար, որը ողջ առաջադեմ մարդկությունը բնութագրում է մի հատիկ տարողունակ բառով՝
    ցեղասպանություն:Հրեշը թակարդում է և փորձելու է քարշ տալ իր ստորաքարշ գոյությունը:
    Այդպես էլ պիտի լիներ: Գերմանիան թուրքիա չի,ոչ էլ գերմանացիները՝ թուրք:
    Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը իր բննօրրանում՝ Գերմանիան վերջնականապես
    ապացուցում է առաջադեմ մարդկությանը ծառայելու իր պատրաստակամությունը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930