Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետի հողատարածքներն առանձին խողովակաշարերով ոռոգվում էին, իսկ Նարեկում եւ Քաղցրաշենում գյուղացիները ջուր չունեն»

Հունիս 01,2016 16:30

Առցանց «Առավոտի» եթերում «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի վերաբերյալ բանավիճում են Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը եւ Ջրային տնտեսության ԾԻԳ-ի բնապահպանության մասնագետ Մարտիրոս Նալբանդյանը:

Ծրագրով նախատեսված է Ազատ գետի ջրով ինքնահոս համակարգի միջոցով լուծել Արտաշատի տարածաշրջանի 12 համայնքների 1232 հա հողերի ոռոգման խնդիրը: Այս ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող վարկի միջոցով: Գառնեցիները մոտ 2 տարի է՝ ընդդիմանում են այս ծրագրին, նրանք իրենց բողոքը հասցրել են ՀԲ-ի Վաշինգտոնի գրասենյակ: Վերջերս Գառնիում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց ծրագրի դադարեցման մասին, քանի որ թերություններ կան:

Նելլի Բաբայան- Պարոն Նալբանդյան, գառնեցիները բնապահպանների հիմնավորումների վրա պնդում են, որ Ազատ գետի ջուրը չի բավարարելու 12 համայնքներին, այլ կբավարարի 2-ին՝ Նարեկ եւ Քաղցրաշեն գյուղերին, որտեղ հողատարածքներ ունեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, արդյունքում գետն է վտանգվելու: Գառնեցիները պնդում են, որ իրենք էլ ոռոգման խնդիր ունեն, ամռանն ընդամենը 3 անգամ են կարողանում ոռոգել իրենց այգիները:

Մարտիրոս Նալբանդյան– Տարվում է հավասարաչափ քաղաքականություն բոլոր համայնքների եւ բոլոր մարզերի համար եւ իրականացվում են ծրագրեր՝ ըստ համայնքների կարիքների: Գառնիում նախատեսվում է իրականացնել Գառնիի մայր ջրատարի վերականգնում եւ ներքին ցանցի վերանորոգում, ինչը թույլ կտա խուսափել այս պահին մինչեւ 40% հասնող ջրակորուստներից: Խոսքը Արարատի մարզի շուրջ 1232 հա հողատարածքների մասին է, որտեղ հողի սեփականատերեր են շուրջ 700 տնտեսություն: 700-ին էլ նույնականացնել կամ բացառել պաշտոնյաների առկայությունն այդ տնտեսությունում տրամաբանական չէ: Նույն պաշտոնյաները լինելով ՀՀ քաղաքացիներ՝ ինչ-որ մի համայնքում, ինչ-որ մի չափաբաժին հողամաս պիտի ունենան: Նորմալ եմ համարում, 700 տնտեսությունների մի մասը կարող են լինել պաշտոնյաներ:

Ն. Բ.- Արդյոք այս 12 համայնքներին էլ ջուրը կհասնի՞, լինում են սակավաջուր տարիներ, եւ 1 տարվա չափագրումներ եք կատարել, եւ արդյոք դա լիարժե՞ք է:

Մ. Ն.- Առկա ջրաքանակները, Հայպեդհիդրոմետի տվյալներով, բավարար են: Սակայն ընդառաջելով համայնքի բնակիչների եւ բնապահպանների մտահոգություններին՝ մենք կազմակերպեցինք 1 տարի ոռոգման սեզոնի ջրաչափումներ: 2015-ն էր ջրասակավ տարի, եւ չենք թաքցրել՝ օգոստոսին՝ ունեցանք ջրի դեֆիցիտ: Այսինքն՝ Քաղցրաշենի ծրագրի համար 7 ամիս պահանջվող ոռոգման սեզոնին՝ օգոստոսին գետում կար ջրի դեֆիցիտ, քննարկում կազմակերպվեց, եւ որոշվեց Քաղցրաշենի պոմպակայանը, որպես ռեզերվ, պահել, նման տարիների կրկնության դեպքում 1 ամսվա համար անհրաժեշտ ջրաքանակի կեսը ապահովել պոմպակայանով:

Լեւոն Գալստյան- Նախ՝ խնդիրը բարձրացրել են Գառնի համայնքի բնակիչները, բնապահպաններն իրենց միացել են 1 տարի հետո՝ աջակցելու համար: Թող տպավորություն չստեղծվի, որ մենք կարող ենք համայնքների բնակիչներին ուղղորդել ինչ-որ բան անելու: Գյուղապետերի, մարզպետերի կողմից սա ակնարկվում է: Քանի որ իրենք իրենց պաշտոնավարման ընթացքոմ անընդհատ ուղղորդել են իրենց ընտրակեղծարարներին, թաղային հեղինակություններին, իրենց թվում է՝ ցանկացած մարդու կարելի է ուղղորդել: Երբ բնակիչը կրում է, զգում է բնության ցավը, ոտքի է կանգնում, նրա դեմը ոչ ոք չի կարող առնել. սա պետք է հասկանան ե՛ւ մեր կառավարիչները, ե՛ւ ՀԲ ներկայացուցիչները: Պարոն Մարտիրոսյանն ասաց, որ նորոգելու են Գառնիի ներքին ցանցը: Բայց Գառնի համայնքի ոռոգման համալիրի նորոգման մասին խոսք եղավ այն ժամանակ, երբ գառնեցիները սկսեցին բողոքել՝ 1,5 տարի հետո, որից հետո նախագծի նման մի բան ներկայացվեց, որ այսքան գումար այդ ցանցին կտրամադրենք: Կա 1232 հեկտար հողատարածք, որից մոտ 70%-ն ընկնում է Նարեկ եւ Քաղցրաշեն համայնքներին: Ակնհայտ է՝ ոռոգման համակարգի ծրագրի 70%-ն ուղղված է տարբեր պաշտոնյաների հողատարածքները ոռոգելուն՝ մոռանալով, որ Ազատ գետի ավազանից մենք ունենք բազմաթիվ ջրառներ՝ Գառնի, Գողթ, Գեղարդ, Հացավան եւ այլն, խմելու ջուր պետք է վերցնեն:

Ոչ մեկը չի չափել՝ ով որքան ջուր է վերցրել: Եթե Հայաստանում մեկը կասի՝ ինքը չափել է, թե վերջին 10 տարում ով որքան ջուր է վերցրել, ես կասեմ՝ լավ: Չկան նման տվյալներ: Չափումներ կատարվել են, բայց մեր տվյալներով՝ այդ չափումների ժամանակ փակված է եղել Գառնիի ոռոգման համակարգը: Այսինքն՝ այդ ժամանակ Գառնիում ընդհանրապես ոռոգում չի տրվել, Երեւան ուղղվող ջրի մի մասն անջատված է եղել եւ լցված է եղել Ազատ գետը, որ ջրի քանակը ավելացվի գետում:
Գառնի համայնքում օպտիմալ ոռոգում ապահովելու համար հուլիս-օգոստոս ամիսներին պետք է վայրկյանում մոտ 900-1000 լիտր ջուր՝ այնքան, որքան Քաղցրաշենի ծրագրին: Այսինքն՝ որոշում են՝ Գառնիին չեն տալու, բայց պետք է գնա Արարատյան դաշտին:

Մ. Ն.– Հիմնավորումները, որ Դուք նշում եք, թույլ տվեք՝ չհամաձայնվել, որովհետեւ գառնեցիները չեն ներկայացնում հակափաստարկներ ծրագիրն իրականացնող կազմակերպությանը կամ ծրագրի նախագծողին: Ջրաքանակների առումով որեւէ մեկը խաբելու, մոլորեցնելու նպատակ չունի: Պարոն Գալստյան, Ձեր նշածը՝ շրջանառվող տեղեկությունների հիման վրա եք հիմնվում: Ջրառի կետից վերեւ, բոլոր տեսակի ջրառումները հաշվի են առնված, ձեր նշած թվային տվյալները ջրատնտեսական հաշվարկներում ներառված են:

Մասնագիտական վերլուծությունները հիմք են տալիս ինձ պնդելու, որ ծրագիրն արդյունավետ է: Դա կլինի վաղը, 1 տարի, թե 10 տարի անց՝ մենք, ի վերջո, գնալու ենք ծրագրի իրականացմանը: Հայաստանի ջրերը պետք է մնան Հայաստանում ու ոռոգեն Հայաստանի ջրերը: Ազատի ջրամբարը վերջին 6-7 տարում լցված է եղել: Մայիսի կեսերից սկսած՝ Ազատի ջրամբարից թափվում էր ջուրջ 20 խմ ջուր, որից ընդամենը 9 խմ էր ուղղվում Արտաշատի ջրանցքով գյուղացիներին, մնացածը Ազատով հոսում է Արաքս գետ: Արաքսում Մեղրիի հատվածում այս սեզոնին բոլոր տարիներին դիտարկվել է հսկայական ջրաքանակ, իսկ այսօր այդ բոլոր տարիների դիտարկած ջրի քանակի կեսն է ընդամենը: Այդ ջրերը մեր հարեւան երկրները կարող են ռացիոնալ օգտագործել, իսկ մենք իրար մեջ սենց պայքարելով՝ ջրերն ուղարկե՞նք հարեւան երկրներին:

Լ. Գ.– 2 տարի աաջ Ազատի ջրամբարի պատասխանատու պաշտոնյան հեռուստատեսությամբ ասում էր՝ 3-4 տարի է՝ ջրամբարը չի լցվում, մի կերպ յոլա ենք գնում, Սեւանից ենք ջուրը բերում: Ազատի ջրամբարն, այո, 5 տարին մեկ լցվում է: Վերջին 8 տարվա ընթացքում ջրամբարները չլցվելու պատճառով Սեւանից լրացուցիչ ջուր ենք բաց թողնում: Ինչ վերաբերում է թվերին, հիմնավորումներին, ապա պետությունն ու ծրագիր ներկայացնողը պետք է այնքան հիմնավորված ներկայացնեն, որ բնակիչները կասկածներ չունենան: Ի՞նչ է նշանակում՝ ջուրը թողնում եք՝ Արաքս գետն է լցվում, իսկ ձեր տնօրենը (նկատի ունի Արամ Հարությունյանին, որը նախկինում բնապահպանության նախարարն էր- Ն. Բ.) որ թույլտվությունները տվել էր, որ արտեզյան ավազանի խմելու ջուրը տարեկան միլիարդուկես խորանարդ մետր լցվում էր Ազատ գետը, դրա մասին մոռացե՞լ ենք, պատասխանատվության հարցը մոռանո՞ւմ եք: Այդ մարդիկ, որ բացասական արդյունք են ցույց տվել, ու իրենք նորից ղեկավարում են ջրային ոլորտը, կներեք, մենք չենք կարող վստահություն ունենալ այդ մարդկանց ու ոլորտի նկատմամբ:
Պնդում եմ՝ եթե ծրագիրն իրականացվեր, Գառնի եւ Գողթ համայնքները կմնային նույն ձեւով՝ առանց ջրի (կարող է աչք փակելու համար մի քիչ վերանորոգում անեին, մի քիչ ջուր տային, երբ ջուրը պակասեր), ծրագիրը եթե իրականացվեր, ջուր չէր լինելու Ազատ գետում, մարդկանց հողերը ոռոգելու ջուր չէր լինելու: Հայաստանյան փորձն է դա ցույց տալիս: Ո՞նց կլինի՝ պաշտոնյան ջուր չունենա, գյուղացին՝ ունենա:
15 օր առաջ այնտեղ էի՝ Նարեկում եւ Քաղցրաշենում, ոչ մեկին ոռոգման ջուր չէր տրվում, բայց վարչապետի հողատարածքները Քաղցրաշենի պոմպակայանից եկող առանձին խողովակաշարերով ոռոգվում էին: Ո՞նց է այդպես լինում, կարո՞ղ եք բացատրել, սա էլ տեսանկարահանել ենք, օդից չենք խոսում: Այնպես չէ, որ մենք Հայաստանի թշնամիներն ենք, Հայաստանի թշնամիները նստած են Բաղրամյան 26-ում ու կառավարությունում:

Մ. Ն.- Դուք որքան էլ փորձեք ինձ ներքաշել քաղաքական բանավեճի մեջ, չի լինի: Կառաջարկեմ մնանք մասնագիտական դաշտում:

Լ. Գ.- Մարդը Համաշխարհային բանկից փող է վերցնում սեփական հողատարածքները ոռոգելու համար:

Մ. Ն.- Մարդը Համաշխարհային բանկից փող է վերցնում 700 տնտեսության հողեր ոռոգելու համար:

Թե ինչ թերություններ էին ծրագրում, եւ ինչ աշխատանքներ են տարվում դրանք շտկելու համար՝ քննարկման մանրամասները դիտեք

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

31.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930