Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թե ինչպես տուժողը ոստիկանների գործով դարձավ ամբաստանյալ

Հունիս 01,2016 16:00

Գլխավոր դատախազի որոշումը

Հատուկ քննչական ծառայության կայացրածի հակապատկերն է
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 6-ին կշարունակվի ճանապարհային ոստիկանության աշխատակից Արտակ Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը:

Տուժող է ճանաչվել 20-ամյա Էդգար Դավթյանը: Նրա ներկայացուցիչն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը:

Քրեական գործի վարույթն իրականացրել էր Հատուկ քննչական ծառայությունը: Անցյալ տարվա ապրիլի 15-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի՝ պաշտոնատար անձի կողմից բռնություն գործադրելով՝ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով:
Իսկ դեպքը տեղի էր ունեցել մարտի 28-ին Արմավիրում, երբ ճանապարհային ոստիկանության մի քանի աշխատակիցներ՝ Արտակ Ղազարյանը, Հովհաննես Ներսիսյանը, ապա նրանց օգնության եկած ՊՊԾ աշխատակիցներ Արտակ Թադեւոսյանը, Աշոտ Յոլչյանը կանգնեցրել էին Էդգար Դավթյանի ավտոմեքենան: Մեքենան, ըստ ՃՈ աշխատակիցների, երթեւեկել էր առանց առջեւի հաշվառման համարանիշի: Այդ ժամանակ էլ, ըստ գործի նյութերի, ՃՈ աշխատակիցները ծառայողական մեքենայով կանգնեցնում են Էդգարի վարած «Աուդի» ավտոմեքենան:

Մեքենայից նախ իջնում է ՃՈ աշխատակից Հովհաննես Ներսիսյանը, որը պահանջում է վարորդից փաստաթղթերը, ապա հայտնում, թե նա առանց համարանիշի երթեւեկելու համար 100 000 դրամի չափով ենթարկվում է վարչական պատասխանատվության:

Արձանագրությունը չկազմելու համար Էդգարը ոստիկանին ներկայացրած իր փաստաթղթերն է հետ վերցնում, ՃՈ աշխատակիցը պահանջում է վերադարձնել այդ փաստաթղթերը:

Առաջանում է վեճ, նրանց է մոտենում երկրորդ ՃՈ աշխատակիցը՝ Արտակ Ղազարյանը: Ըստ գործի նյութերի՝ վեճն ավարտվում է քաշքշուկով, անգամ պոկվում է ոստիկաններից մեկի ուսադիրը:

Գլխավոր դատախազ Գ.Կոստանյանի այս տարվա ապրիլի 1-ի՝ «Քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշումը վերացնելու մասին» որոշման նկարագրական մասում կա այսպիսի տեղեկատվություն. «Մի պահ հեռանալով ոստիկաններից՝ Էդգար Դավթյանը գոտկատեղից հանել է ատրճանակը եւ ոստիկանների ուղղությամբ պահելուց հետո ուղղել գետնին՝ միաժամանակ պահանջել՝ «իրեն չմոտենալ»: Ի դեպ, Էդգարի նկատմամբ, ըստ ոստիկանների, իրենք ֆիզիկական ուժ են գործադրել վնասազերծելու նպատակով, իսկ նոր պարզված հանգամանքներից էլ հաստատվում է. «Ոստիկան Արտակ Ղազարյանին է մոտեցել մի քաղաքացի, ով ազատվելով այդ քաղաքացուց՝ մոտեցել է Էդգար Դավթյանին եւ ոտքով հարվածել նրան», մեկ այլ դրվագով էլ, երբ Էդգարը վնասազերծված էր, գետնին ընկած. «ոտքով երեք անգամ հարվածել է գետնին ընկած Էդգար Դավթյանին», այդպիսով դուրս գալով իր լիազորությունների շրջանակից:
Ուշադրության է արժանի այն, որ տուժող Էդգար Դավթյանի մասնակցությամբ դատաքննությունը չավարտված՝ նա ներգրավվել է ոչ միայն որպես մեղադրյալ, այլ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել եւ Արաբկիրի դատարանից 45 օր առաջ կալանավորված Էդգարը տեղափոխվել է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Նկատենք, որ ճանապարհային ոստիկան Արտակ Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով, որի դատաքննությունը ընթանում է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, մինչդեռ, նույն գործով, տուժող Էդգար Դավթյանի նկատմամբ մայրաքաղաքային դատարանի որոշումն ավելի կոշտ է եղել՝ կալանավորումը:
Էդգար Դավթյանի պաշտպան Հայկ Ալումյանը, դիմելով ՀՀ գլխավոր դատախազին, իր տարակուսանքն է հայտնում, թե կալանքն իրականացվել է այն դեպքում, երբ իր պաշտպանյալը պաշտոնատար անձ չէր, միջին ծանրության հանցագործության կասկածանքով է, իսկ ոստիկանը՝ ծանր հանցագործության համար էր կասկածվում, ավելին, նա նախաքննության ժամանակ ընդունել էր իր մեղքը:

Ոստիկանը նախաքննության ժամանակ հայտնել էր, որ օրենքով սահմանված կարգով կիրառվել են ձեռնամարտի հնարքներ, ֆիզիկական ուժ է գործադրվել, որից հետո գետնին ընկած վիճակում նրա ձեռքից վերցրել է ատրճանակը. «իրադրությունից ելնելով՝ ոտքով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին», ապա բերման ենթարկել ոստիկանության Արմավիրի բաժին:
Ինչո՞ւ եմ շեշտում, որ դատաքննությունը չավարտված՝ տուժողին զուգահեռ հավասար կարգավիճակ տալն անհամաչափ էր, քանի որ կան ապացույցներ, որոնք դեռ չէին հետազոտվել:

Մասնավորապես, խոսքը մեր տրամադրության տակ գտնվող «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության Արմավիրի մասնաճյուղի դրսի տեսախցիկի փորձաքննության եզրակացության մասին է՝ տեսանյութի:

Անցյալ տարվա ապրիլի 15-ին նախաքննությունն իրականացրած մարմինը որոշում էր կայացրել առգրավել նշյալ տեսախցիկով արված տեսագրությունը:
Տեսանյութը զննելիս փորձագետները հաստատել էին, որ «Վարորդը եւ ոստիկանը հանգիստ զրուցում էին, վարորդը ինչ-որ բան է տալիս ոստիկանին: Որը այն նայում է: Այնուհետեւ վարորդը նստում է մեքենան, իջնում է …նոր եկած ոստիկանների հետ զրուցելու ժամանակ ծառերի մոտից առանց գլխարկի մի ոստիկան ձեռքով հարվածին նմանվող շարժումներ է կատարում դեպի վարորդը, ազատվելով նրանցից, հետ է գալիս դեպի քաղաքացիների համար նախատեսված հատվածը, ձեռքը տանում է աջ գոտկատեղը, եւ դուրս բերում ատրճանակին նմանվող իրը…մի պահ վարորդը ատրճանակի նմանվող իրը բարձրացնում եւ իջեցնում է ներքեւ, փողը ուղղված էր լինում դեպի գետնին»:

Փորձագետները նույնպես հաստատել էին, որ առանց գլխարկի ոստիկանը երեք անգամ ոտքով հարվածել է գետնին ընկած վարորդին:
Նկատենք, որ հարվածները գետնին ընկած երիտասարդի մարմնին այն ժամանակ է, երբ նա առանց ատրճանակի էր: Մեր տեղեկություններով, գազային ատրճանակը Էդգարը ձեռք է բերել օրենքով սահմանված կարգով: Դատատեսաձայնագրային փորձաքննության համաձայն՝ մեկ վայրկյան է տեւում ոստիկանների ուղղությամբ ատրճանակի պահելը:

Ըստ գլխավոր դատախազի որոշման. «Էդգար Դավթյանի կողմից ատրճանակը գոտկատեղից հանելը եւ դեպի ոստիկաններն ուղղելը պետք է գնահատվի որպես բռնություն գործադրելու սպառնալիք իշխանության ներկայացուցիչների նկատմամբ՝ կապված վերջիններիս կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ»:

Ի հավելումն նոր հանգամանքների, հարցս ուղղեմ մինչ Հատուկ քննչական ծառայություն ուղարկելը նաեւ ոստիկանությանը, որը ծառայողական քննություն էր անցկացրել: Չէ՞ որ առերեսումներն անցկացվեցին Հատուկ քննչականում ոստիկանների միջեւ նրա համար, որովհետեւ նույն ոստիկանները իրարամերժ բացատրություններ էին տվել, որոշ բաներ գիտակցորեն թաքցնելով:
Այլապես, Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննիչ Ս. Առաքելյանը չէր արձանագրի. «Նախաքննության սկզբնական փուլում ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Հովհաննես Ներսիսյանը, Աշոտ Յոլչյանը, Արտակ Թադեւոսյանը իրենց ցուցմունքներում թաքցրել են Էդգար Դավթյանին վնասազերծելուց հետո վերջինիս մարմնի տարբեր մասերին գործընկերոջ կողմից ոտքով հարվածներ հասցնելու հանգամանքը»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

31.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930