Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Չինաստանի Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ Չժան Գաոլիին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Կողմերն անդրադարձել են Ադրբեջանի և Շանհայի համագործակցության (ՇՀԿ) կազմակերպության միջև հնարավոր համագործակցությանը։ Խոսելով այդ մասին՝ նախագահ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը հույս ունի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ձեռք բերել կազմակերպությունում, որը կարող է դիտարկվել որպես համագործակցության առաջին քայլ։
Շարունակելով Ադրբեջանի և ՇՀԿ-ի միջև համագործակցության թեման՝ Ալիևն ասել է, որ այդ կազմակերպության հետ համագործակցությունը կարևոր տեղ է զբաղեցնում Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ։
Կողմերն անդրադարձել են նաև Չինաստան-Ադրբեջան հարաբերություններին։ Ալիևն ասել է, որ իր երկիրը պատրաստ է կարևոր դեր զբաղեցնել չինական ապրանքները Եվրոպա տեղափոխելու գործում։ Գաոլին էլ իր հերթին նշել է, որ կնպաստի, որպեսզի չինական կազմակերպությունները ներդրումներ կատարեն Ադրբեջանում։
Հիշեցնենք նաև, որ 2016թ. ապրիլի 16-ին Պեկինում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը հուշագիր ստորագրեցին, որով Հայաստանը երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստացավ Շանհայի համագործակցության կազմակերպությունում։