Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կիրգիզիայի միջազգային բալետային փառատոնում հայ արտիստները փայլել են

Հունիս 01,2016 15:30

Բալետային ավանդույթներ ունեցող Հայաստանը փառատոն չունի

Վերջերս Բիշքեկում կայացած բալետային արվեստի 4-րդ միջազգային փառատոնին, որը նվիրված էր կիրգիզ պրիմա պարուհի Բիբիսար Բեյշենալիեւայի 90- ամյակին, հրավիրված էին նաեւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարողներ Մերի Հովհաննիսյանն ու Ռուբեն Մուրադյանը:

«Առավոտի» հետ զրույցում արտիստները հայտնեցին, որ իրենք Ժիզելի եւ Ալբերտի գլխավոր դերապարերով Կիրգիզիայի Ա. Մալդիբաեւի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, տեղի բալետային խմբի հետ, հանդես են եկել Ադանի «Ժիզել» ներկայացման մեջ:

balet-2

Միջազգային փառատոնի բոլոր մասնակիցները:

Նկատենք, որ հազվադեպ է պատահում, երբ արտասահմանում որեւէ թատրոնում բալետային կամ օպերային ներկայացմանը գլխավոր պարտիաները կատարելու համար Հայաստանից հրավեր են ստանում միանգամից երկու արտիստ: Հայ արտիստները հանդես են եկել նաեւ Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետից Էգինայի եւ Սպարտակի դուետով՝ փառատոնի եզրափակիչ օրը կայացած գալա համերգին:
Մեր արտիստների տպավորությունները, իրենց խոսքերով՝ աննկարագրելի են: Ընդամենը մեկ օրինակ բերեցին. երբ հանդիսատեսի կարգավիճակում մասնակցել են Չայկովսկու «Կարապի լիճը» ներկայացմանը, որի ավարտին հանդիսատեսը ինքնագիր է խնդրել իրենցից, այն դեպքում, երբ փառատոնին ներկայացել էին մենապարողներ այլ երկրների թատրոններից, այդ թվում՝ Մոսկվայի Մեծ թատրոնից, Գերմանիայից եւ այլն:

balet-3

Երեւանում բալետային արվեստի փառատոն առաջին եւ վերջին անգամ անցկացվել է 1960-ականների կեսերին: Փաստորեն, այս ոլորտում մեզ մոտ չի անցկացվում ոչ մի մրցույթ կամ փառատոն, եւ սա այն դեպքում, երբ ունենք այնպիսի մեծանուն արտիստներ ու հայկական բալետի երախտավորներ, ինչպիսիք են՝ Վանուշ Խանամիրյանը, Վիլեն Գալստյանը, Նորայր Մեհրաբյանը, Բելլա Հովնանյանը, Հովհաննես Դիվանյանը, Ռուդոլֆ Խառատյանը, վերջապես՝ Ֆրունզե Ելանյանը, Սիլվա Մինասյանը, Ջուլիետ Քալանթարյանը, Իլյա Արբատովը (Եղիա Յաղուբյան):
Իմիջիայլոց, բալետային խմբում ժողովրդական արտիստի կոչումը, չգիտես ինչու, «բացակայում» է, այսօր վաստակավոր արտիստներ են ընդամենը երեքը՝ Մարիա Դիվանյանը, Սոնա Առուստամյանը եւ Զավեն Հարությունյանը: Մեր զրուցակիցները՝ Մերի Հովհաննիսյանն ու Ռուբեն Մուրադյանը իբրեւ մենապարող Ազգային օպերային թատրոնում են 2000-ականների սկզբից: Անդրադառնալով Բիշքեկում կայացած միջազգային փառատոնին, նշենք, որ այդ հանրապետությունում 1939-ին բեմադրվել է Ա. Մալդիբաեւի, Վ. Վլասովի եւ Վ. Ֆերեի «Այ-Չուրեկ» առաջին օպերային ներկայացումը (ռեժիսորներ՝ Ա. Կուտուբաեւ, Վ. Ցելիկովսկի), իսկ 1944թ.՝ առաջին բալետային ներկայացումը՝ Մ. Ռաուխվերգերի «Չոլպոն»: Վերջինս միանգամից վերածել են ֆիլմի եւ ցուցադրել 40 երկրում: Իսկ Հայաստանում առաջին բալետային ներկայացումը Չայկովսկու «Կարապի լիճն» էր, որը 1935թ. բեմադրել էր Ռեյնկեն:
Հայ արտիստները՝ Բիշքեկի օպերային թատրոնի տնօրեն Բոլոտ Օսմանովի հետ:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

31.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930