Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չափից դուրս լուրջ եք

Հունիս 01,2016 10:00

Մարդիկ կամ կազմակերպություններ կան, որ հաճույք են զգում այն մտքից, որ իրենց հետապնդում են: «Անալիտիկ» ակումբը կարծում է, որ իրեն հետապնդում է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` ինչ-որ մեկի պատվերով: Պատգամավորն էլ կարծում է, որ իրեն հետապնդում է ոչ միայն ակումբը, այլեւ մի շարք քրեական կազմակերպություններ` էլի ինչ-որ մեկի պատվերով:

Իսկ հնարավոր չէ՞, որ մարդիկ պարզապես վատ կարծիք ունենան իրար մասին, եւ դա լինի միանգամայն ինքնաբուխ, առանց որեւէ պատվերի: Եվ արդյո՞ք այդ վատ կարծիքը պարտադիր պետք է որակել որպես հետապնդում: Ինձ, օրինակ, երբեք չի թվացել, որ ինձ որեւէ մեկը հետապնդում է, որովհետեւ ինձ չեմ համարում այնպիսի կարեւոր մի ֆիգուր, որ պիտի ինչ-որ մեկին խանգարի կամ վնաս տա` այն աստիճանի, որ դառնա հետապնդման թիրախ: Ինչ-որ մեկին իմ գրածը դուր է գալիս, մյուսին` ոչ, բայց դրա տակ ես ոչինչ չեմ տեսնում ու չեմ պատրաստվում դրա մեջ խորանալ: Գուցե ակումբներն ու պատգամավորները, քաղաքական եւ կիսաքաղաքական գործիչներն ավելի ծանրակշիռ են, եւ իրենց գործն ունի այնպիսի մի տիեզերական նշանակություն, որ դա ստիպում է աշխարհի բոլոր «մութ ուժերին» համախմբվել դրանց դեմ:

Եթե մեկը հավանում է մարշալ Բաբաջանյանի արձանը, ամենեւին պարտադիր չէ, որ այդ կարծիքը նա արտահայտում է անձամբ Իվան Վոլինկինի անունից: Եթե որեւէ մեկին այդ արձանը դուր չի գալիս, դեռ փաստ չէ, որ այդ տեսակետը նա հայտնում է Ռիչարդ Միլզի պատվերով: Եթե ես «Կոկա-կոլա» չեմ սիրում, դրանից դեռեւս չի կարելի եզրակացնել, որ «Պեպսի-Կոլայի» խանդավառ երկրպագուն եմ: Ամեն մի թփի տակ փորել եւ գտնել «պատվերի թուղթուգիր»` բավականին ձանձրալի, եթե թույլ տրվի ասել` «ջանջալ» զբաղմունք է:

Պարանոյան, բնականաբար, սաստկանում է խորհրդարանական ընտրություններից առաջ: Մի քանի հարյուր հոգու թվում է, թե իրենց պատգամավոր կամ նախարար դառնալն այնքան «ազգափրկիչ» գործընթաց է, իսկ չդառնալն այնքան «ազգակործան» է, որ մնացած երկու միլիոն բնակչության (եւ, ինչու չէ, 10 միլիոն հայության) ուշքն ու միտքը դրան օգնելը կամ խանգարելն է: Եվ, համապատասխանաբար, այդ 2 կամ 10 միլիոնը լծված են կա՛մ իրենց գովազդելուն, կա՛մ իրենց մրցակիցների պատվերը կատարելուն: Մոտակա ամիսներին մենք ներկա կլինենք պարանոյայի առավել սուր դրսեւորումների:

Մի խոսքով՝ որքան շատ եմ մտածում այս հարցի շուրջ, այնքան համոզվում եմ, որ ամեն տեղ պատվեր կամ դավադրություն փնտրելը գալիս է սեփական անձի կամ կազմակերպության նշանակությունը գերագնահատելուց: Բարեկամական խորհուրդ` մի կարծեք, որ դուք տիեզերքի կենտրոնում եք, եւ աշխարհում տեղի ունեցող բոլոր իրադարձություններն ուղղված են ձեր օգտին կամ ձեր դեմ: Կամ, ինչպես ասում են, ձեր ամենամեծ դժբախտությունն այն է, որ դուք չափից դուրս լուրջ եք:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930