Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի գյուղական համայնքում «Արցախի ազգային վիճակախաղ»-ի շահույթի միջոցներով կառուցվող նոր թաղամասում որոշ ժամանակ շինարարությունը դադարեցվել էր: Սակայն վերջերս աշխատանքները վերսկսվել են, և շուտով 10 երեքսենյականոց առանձնատուն շահագործման կհանձնվի: Նշված 10 տների և մեկ ութբնակարանոց շենքի կառուցման վերջնական աշխատանքներն իրականանում են Քաշաթաղի շրջվարչակազմի կողմից:
Առանձնատներում և բազմաբնակարանոցում մնացել է իրականացնել ներքին հարդարման և սանհանգույցի ավարտման աշխատանքները: Մայիսի 30-ին ծանոթացա կատարվող աշխատանքներին, որոնց պատասխանատու Սեյրան Պողոսյանը տեղեկացրեց, որ մի քանի օրից բազմաբնակարանոցը կհանձնվի շահագործման, այնուհետև կիրականացվեն առանձնատների ներքին հարդարման աշխատանքները:
Իմ այցի ժամանակ շինարարները հատակն էին լամինատապատում ու պատերը պաստառապատում: Իրականացվում էին նաև էլեկտրաֆիկացման աշխատանքներ:
Տարածքում «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ին պատկանող տեխնիկայի կողմից հարթեցվում և մացառներից մաքրվում է տարածք, որը հատկացվելու է բազմաբնակարանոցի ընտանիքներին որպես տնամերձ հողատարածք: Մոտակայքում կառուցվելու է նաև մանկական հրապարակ:
Կարդացեք նաև
Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը տեղեկացրեց, որ առանձնատները հատկացվելու են վերաբնակիչ նոր ընտանիքների: Առաջնահերթությունը տրվելու է բազմանդամ, գյուղատնտեսական աշխատանքի փորձ ունեցող, մեխանիզատորների ընտանիքների: Ռ. Մաթևոսյանը նշեց, որ շրջանում, հատկապես այս տարածքում մեխանիզատորների պահանջարկ է զգացվում:
Զոհրաբ Ըռքոյան