Լույս է տեսել Միքայել Աբազյանի բանաստեղծությունների ու պատվածքների գրքույկը: Առաջաբանում հեղինակը գրում է, որ գիրք տպագրելու մտադրություն չի ունեցել: Ու ամեն ինչ սկսվել է որոշ հետաքրքիր մտքերի, երեւակայության մեջ ծնունդ առած էսքիզների ու բանաստեղծությունների մեկտեղումից: Միքայել Աբազյանի թվային ձեւաչափով պահվող ստեղծագործությունների մեծ մասը համակարգչի վնասվելու պատճառով հնարավոր չի եղել վերականգնել, գրքույկում հրատարակված սակավաթիվ բանաստեղծություններից, սակայն, կարելի է պատկերացում կազմել հեղինակի ստեղծագործական «դիմագծի» մասին: Միքայելը գրում է, որ եղել են ժամանակներ, որ շաբաթներով ու ամիսներով Մուսան չի այցելել իրեն, սակայն, ի վերջո, ունեցել է «հրաբխում»:
Գիրքը կունենա՞ երկրորդ հատոր, հեղինակը դեռ չգիտի, գրում է, որ գուցե սրանով էլ ավարտվի իր գրողական գործունեությունը: Աբազյանը կարծում է, որ ամեն ինչի պատասխանը կտա ժամանակը: Ինչ վերաբերում է նրա պատմվածքներին, հեղինակի բնորոշմամբ, հերոսների նախատիպերը մեր կողքին են ու կարող ենք տեսնել մեր ծանոթների մեջ: Արծարծված թեմաներն էլ հոգեհարազատ են բոլորին՝ սեր, ընկերություն, սեփական երազանքի հետեւից գնալու մղում եւ այլն: Ժողովածուում զետեղված են նաեւ Միքայել Աբազյանի վերջին տասնամյակներում գրված բանաստեղծությունները: Գիրքը ռուսերեն է, որոշ բանաստեղծություններ՝ անգլերեն:
Ինքնատիպ են հատկապես նրա եռատող չափածո ստեղծագործությունները.
Собака я беззубая на сене,
и хоть мечтой о лае живу,
Боюсь поджав свой хвост издать и звук
Եվս մեկ եռատող.
Боимся мы всего чего не знаем.
Hе зная жизнь боимся даже жить
Но страха нет перед лицом непознанной любви
Ամենակարեւորը՝ Միքայել Աբազյանը չի վախենում «բացվել»: Գրքի ետնաշապիկին նա գրել է. «Ես բացվեցի քո առաջ, եւ դու պետք է դա տեսնես: Հաղթիր քեզ: Օգնիր ինձ անել այն, ինչը պետք է կատարվի»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
31.05.2016