ՀՀ քննչական կոմիտեն հաստատեց, որ երեկ ուշ երեկոյան ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչությունում ձերբակալություններ են եղել: Ձերբակալվել են գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Մհեր Պապյանը եւ Արմեն Մարգարյանը:
Aravot.am-ի հետ զրույցում Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ զարմացել է հատկապես՝ Մելս Չիլինգարյանի ձերբակալության լուրը լսելով. «Եթե իրեն ձերբակալել են, երկու հիմք պետք է լինի եւ դա պետք է հրապարակվի: 1-ին՝ իրեն գումար տվել են, ինքը գումար ունենալով՝ սպառազինության գնման գործը թերի է արել, վատ է արել, բացթողում է ունեցել: Դա պետք է անպայման ապացուցեն, որովհետեւ ես անձամբ ճանաչում եմ պարոն Չիլինիգարյանին, չեմ կարծում, որ նա այդպիսի իրավիճակ կստեղծեր եւ նման բան կաներ: Եվ երկրորդ տարբերակը՝ ինքը այդ զենքը նորմալ չի բաժանել կամ անորակ զենք է բերել»:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասել էր, որ երկու տարբեր քրեական գործի շրջանակներում են եղել ձերբակալությունները: Խոսքը մատակարարված անորակ ապրանքներն ընդունելու, որոշ դեպքերում՝ ուռճացված գներով գնումներ կատարելու մասին է:
Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ «Զենք գնելը շուկայից պոմիդոր գնել չի, դա միջպետական պայմանագրերի արդյունքում է լինում: Այնպես չէ, որ շուկայում իրենց ուզածը վաճառում են 1 տոննան այսքան, եւ ինքը, ինչ-որ փաստաթղթեր կեղծելով՝ ուռճացրել է գինը: Ակնհայտ է, որ դա միջպետական պայմանագրերով է լինում, իսկ եթե դա այդպես է եղել եւ նման խախտում են արել, 100 տոկոս սպառազինության վարչության պետից բարձրներն էլ են ներգրաված լինում այդ դեպքում»:
Կարդացեք նաև
Մենք ճշտեցինք՝ այսինքն, հնարավոր է կուժն ու կուլան ուզում են այսպես ասած ջարդել Չիլինգարյանի գլխի՞ն՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Այո, ցավոք, այս պարագայում ես դա եմ տեսնում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ