Մայիսի 31-ին Նոյեմբերյան քաղաքի մարզամշակութային կենտրոնում կայացավ «Սիրելի կանայք, մենք ձեզ հետ ենք…» խորագրով բարեգործական համերգ, որը կազմակերպել էր «Հայտնություն» ՀԿ-ն: Համերգից ստացված հասույթը նվիրաբերվելու է աջակցության կարիք ունեցող կանանց:
Միջոցառումը ողջունեց Տեր Սմբատ քահանան, ով նշեց, որ «Հայտնություն» ՀԿ-ն սոցիալական ուղղվածությունից զատ հոգեւոր-մշակութային առաքելություն ունի: Ներկաները հոտնկայս հարգեցին հայոց զոհերի հիշատակը: Գուսանական երգերի գեղեցիկ կատարումներով հանդես եկավ Նոյեմբերյանի ավագ դպրոցի ուսմասվար, երգչուհի Սուսաննա Գիշյանը:
Ելույթ ունեցան նաեւ ասմունքող, դերասանուհի Նաիրա Աբրահամյանը, երգիչներ Արեն Ազիբեկյանը, Նաիրա Ներսիսյանը. Արփինե Բեջանյանը, Աննա Նիազյանը, Մելսիդա Վերանյանը: Բեմը ձեւավորված էր նկարիչ, բանաստեղծ Զավեն Պետրոսյանի նկարազարդումներով: Վերջինս արտասանեց Սուսաննա Գիշյանին նվիրված իր ձոնած աքրոստիկոսը:
Համերգը վարում, պարբերաբար ասմունքում էր Սասուն Մուրադյանը, տպավորիչ կատարումներով հանդես եկան Նոյեմբերյանի մարզամշակութային կենտրոնի «Սոսե» մանկական պարային համույթի սաները: Մշակույթի ոլորտում ներդրման, հասարակական ակտիվ գործունեության համար Սուսաննա Գիշյանը եւ Նոյեմբերյանի մարզամշակույթային կենտրոնի տնօրեն Մելսիդա Վերանյանը Տավուշի մարզպետի կողմից շնորհակալագրի արժանացան:
Կարդացեք նաև
Կողբի թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Հայկավարդ Հայրապետյանը, Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինե Ղարագյոզյանը իրենց ելույթներում կարեւորեցին «Հայտնություն» ՀԿ-ի մարդասիրական գործունեությունը, բարեգործական համերգի անցկացումը: «Հայտնություն» ՀԿ նախագահ Աննա Ազատյանը, ով Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի կինն է, շնորհակալություն հայտնեց ելույթ ունեցած երգիչներին, երաժիշտներին, բարեգործական համերգի կայացմանն աջակցածներին:
Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը օգտվելով առիթից՝ Նոյեմբերյան քաղաքը սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկելու համար շնորհակալություն հայտնեց միջոցառմանը ներկա Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, նաեւ՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ