Այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում թաեքվոնդոյի Հայաստանի ազգային հավաքականի անդամները խոսեցին Շվեյցարիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում եւ Իրանում անցկացված G1 միջազգային մրցաշարում իրենց մրցելույթների մասին:
Արման Երեմյան, Եվրոպայի փոխչեմպիոն. «Հանդես էի գալիս սովորականից բարձր քաշային կարգում: Եզրափակչում «ոսկե միավորով» պարտվեցի Ռուսաստանի ներկայացուցչին: Դեռ երկրորդ մենամարտում ոտքի լուրջ վնասվածք ստացա եւ դժվարությամբ էի մենամարտում: Այնքան լուրջ էր, որ գլխավոր մարզչի հետ մտածում էին՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ: Լուրջ մրցակիցներ ունեի, որոնց մեջ կային աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիրներ: Բայց ամեն բան բարեհաջող ստացվեց: Եզրափակչում հիմնական պայքարն ավարտվեց 1-1: Նշանակվեց 4-րդ ռաունդ, որի ժամանակ զիջեցի: Ընդհանուր առմամբ գոհ եմ: Սա Եվրոպայի իմ 5-րդ արծաթն էր. երկուսը՝ երիտասարդական, երեքը՝ մեծերի: Բայց դա ինձ համար բավարար չէ: Շարունակելու եմ մարզվել: Հավանաբար, հետագայում հանդես կգամ ավելի բարձր քաշային կարգում եւ կշարունակեմ պայքարել մեդալների համար»:
Սերգեյ Վարդազարյան. «Ինձ համար նշանակություն չունի, թե ով է մրցակիցս՝ ադրբեջանցի, թուրք կամ մեկ այլ ազգի ներկայացուցիչ (Սերգեյը մեդալի ճանապարհին հաղթել է թուրք եւ ադրբեջանցի մրցակիցներին): Կարեւորը զգացմունքները զսպել կարողանալն է եւ մարզչի հրահանգները ճիշտ կատարելը: Վիճակահանություն այնպես էր ստացվել, որ հաղթելու դեպքում մրցակիցներս լինելու էին մեր երկու հարեւան երկրների մարզիկները: Երկու դեպքում էլ հեռախոսով զրուցել եմ անձնական մարզչիս հետ: Նա ուսումնասիրում էր իմ հաջորդ մրցակիցներին եւ ճիշտ խորհուրդներ տալիս, ոգեւորում: Իմ, անձնական եւ հավաքականի մարզչի համագործակցությունը իր ցանկալի արդյունքը տվեց»:
Կարդացեք նաև
Սերգեյ Ավանեսով. Իրանում G1 հեղինակավոր մրցաշարի արծաթե մեդալակիր: «Առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների պայքարին: Հանդես եկա ինձ համար նոր՝ 63 կգ քաշային կարգում: Բոլոր մրցակիցներս ինձ գերազանցում էին տարիքով, քաշով եւ հասակով: Բայց կարողացա հասնել եզրափակիչ, որտեղ պարտվեցի մրցագորգի տեր իրանցուն: Հավասար պայքար ստացվեց: Հաշիվը մինչեւ վերջին վայրկյանները 3-3 էր: Բայց վերջին պահին միավոր տվեցի: Գոհ եմ արդյունքից»:
Aravot.am-ի հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Ադրբեջանը, որպես կանոն, մրցագորգ է հանում այլ երկրներից գնած ուժեղ մարզիկների, հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանը պատասխանեց. «Միայն Ադրբեջանը չէ, որ այդպես է վարվում: Ադրբեջանի հավաքականում լավագույն դեպքում իրենց երկրի երեք մարզիկ է լինում: Մյուսները դրսից են բերված, իսկ, օրինակ, Գերմանիայի թիմում ընդհանրապես գերմանացի չկար: Մենք այն քչաթիվ երկրներից ենք, որ ունենք իսկապես ազգային հավաքականներ՝ համալրված միայն հայ եւ Հայաստանում աճած մարզիկներով»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ