Հայաստանի թաեքվոնդոյի ազգային հավաքականը վերջերս օրերս Եվրոպայի առաջնությունում նվաճեց մեկական արծաթե եւ բրոնզե, իսկ դրանից առաջ Իրանում անցկացված G1 միջազգային խոշոր մրցաշարում՝ մեկ բրոնզե մեդալ:
Այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանը, Եվրոպայի փոխչեմպիոն Արման Երեւմյանը, բրոնզե մեդալակիր Սերգեյ Վարդազարյանը եւ G1 մրցաշարի արծաթե մրցանակակիր Սերգեյ Ավանեսովը հանդիպեցին ԶԼՄ-ների հետ:
Գլխավոր մարզչի խոսքերով, վերջին շրջանի կայուն հաջողությունները պայմանավորեց այս տարի ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի՝ ֆեդերացիայի պատվավոր նախագահ ընտրվելով (ֆեդերացիայի նախագահը Մանվել Գրիգորյանի որդին է, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը):
«Գեներալ Մանվել Գրիգորյանի գալով, հավաքականի համար վարձակալվեցին դահլիճներ, ձեռք բերվեցին նոր մրցագորգեր, Էլեկտրոնային-սենսորային պրոտեկտորներ, որոնք օգտագործվում են ինչպես Հայաստանի առաջնությունները կազմակերպելու, այնպես էլ հավաքականի մարզումների ժամանակ, ֆեդերացիան ունեցավ իր մշտական գրասենյակը եւ այլն: Թեեւ մենք ձեռքբերումներ ունեցել ենք սկսած դեռ 2010 թվականից, սակայն հաջողություններն ավելի կայուն դարձան հիմա: Մենք Շվեյցարիա մեկնեցինք պետական աջակցությամբ եւ, կարծում եմ, հուսախաբ չարեցինք: Այս տարին, օրինակ, աննախադեպ էր նրանով, որ մենք Եվրոպայի մեծահասակների միեւնույն առաջնությունում, որին մասնակցում էր 48 երկիր եւ կային հավաքականներ, որոնք նույն քաշային կարգում ունեին երկուական մասնակից, առաջին անգամ նվաճեցինք երկու մեդալ», – ասաց գլխավոր մարզիչը:
Կարդացեք նաև
Նա շնորհակալություն հայտնեց ԵԿՄ-ին, ֆեդերացիայի նախագահին, ՀԱՕԿ-ին, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը, Հայաստանի հակադոպինգային գործակալությանը, «Դինամո» մարզական ՀԿ-ին՝ դահլիճն անվճար տրամադրելու համար, բոլոր նրանց, ովքեր իրենց մարզաձեւի կողքին են:
Խոսելով հանրապետությունում թաեքվոնդոյի մասսայականության շոշափելի աճի մասին՝ Գեւորգ Դանիելյանը նշեց, որ հոսքի կտրուկ աճն սկսվել է այն ժամանակվանից, երբ ութ հազար պատանի երկրապահներ սկսեցին զբաղվել թաեքվոնդոյով եւ մարզաձեւն ընդգրկվեց նրանց ուսումնամարզական ծրագիր: «Գրեթե բոլոր մարզերում ունենք խմբեր: Թաեքվոնդոյով մշտապես մարզվում է շուրջ երկու հազար հոգի, բայց բոլորին մարզիկ չես ասի, մարզիկն այլ կարգավիճակ է: Կցանկանայի, որ թաեքվոնդոն ընդգրկվեր Երեւանի ավելի շատ մարզադպրոցներում», – ասաց մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ