«Ես չեմ հիշում Երևանում բացված որևէ արձան, որ միանգամից սիրվի: Արձանը քարով ստեղծագործության արդյունք է, ինքն արդեն որոշակի դժվարություն ունի ընկալման համար, և բնականաբար, միանգամից խոսել արձանի դրական կամ բացասական կողմերի մասին՝ չարժե»,- այսօր այս մասին լրագրողների հետ զրուցելիս ասաց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ի պատասխան վերջին շաբաթվա ընթացքում նոր բացված արձանների՝ Գարեգին Նժդեհի և մարշալ Համազասպ Բաբաջանյանի, վերաբերյալ հնչող հակասական կարծիքներին:
«Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում մենք ավելի լավ կհասկանանք, լավ արձաններ են, թե՝ ոչ: Մենք ունենք բազմաթիվ օրինակներ, որ սկզբից չենք հավանել, հետո ընկալվել են մեզանում: Ես կարծում եմ, որ պետք է մի փոքր սպասել, տեսնելու ՝ ինչ ճակատագիր կունենան այս արձանները: Միանգամից չփորձենք բացասական վերաբերմունք ցույց տալ: Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի արձանի տեղադրման ժամանակ էլ կային նույն կարծիքները»:
Տիկին Պողոսյանը չցանկացավ արձանների մասին իր կարծիքը հայտնել. «Չեմ ուզում հիմա վերջնական կարծիք ձևավորել: Ուզում եմ նախ մարսել, հետո խոսել: Կանցնի ինչ-որ ժամանակ, ես կասեմ կարծիքս: Օրինակ` հիմա ինձ շատ է դուր գալիս Առնո Բաբաջանյանի արձանը, բայց դրա հետ մեկտեղ կան արձաններ, որոնց այդպես էլ չկարողացանք վարժվել, սիրել, սակայն չեմ թվարկի դրանք»:
Լրագրողների այն հացին, թե արդյոք չարժե արձաններ տեղադրելու փոխարեն բանակը զինել, նախարարը պատասխանեց. «Ամեն ինչն ունի իր տեղը: Մենք զարգացող երկիր ենք: Մեր բնականոն կյանքից չենք կարող ընկնել. չուտենք, չխմենք, ամեն ինչը կենտրոնացնենք միայն մեկ ուղղությամբ: Կարծում եմ, որ քաղաքականության դերը կայանում է նրանում ՝ամեն ինչին իր տեղը հատկացնում է իր չափով. որտեղ պետք է զարգանա քաղաքը, պետք զարգացնել քաղաքը, որտեղ պետք է բանակը հզորանա, պետք է հզորացնել բանակը»:
Կարդացեք նաև
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ