Այսօր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ իսպանացի գրող, հրապարակախոս, ճարտարապետ Գոնսալո Գուարչին՝ ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչման վկայագրի և ԵՊՀ-ի ոսկեզօծ մեդալի հանձնման հանդիսավոր արարողությունը:
Իսպանացի գրողը հեղինակ է 28 գրական- գեղարվեստական ստեղծագործությունների, որոնցում արտահայտում է իր վրդովմունքն ու ընդվզումը մարդկության դեմ թույլ տրվող ոճիրների՝ ցեղասպանությունների, պատերազմների, բռնությունների դեմ:
Հայոց Ցեղասպանության մասին հեղինակել է երեք մեծածավալ վեպ. հայ ժողովրդին նվիրված նրա եռագրությունը բաղկացած է «Հայկական տոհմածառ», «Հայոց կտակ» և «Սպիտակ լեռը» մասերից: Նա լավ ուսումնասիրել է հայկական հարցը, Եղեռնի ընթացքն ու Եվրոպայի լռությունը:
Պարոն Գուարչը լրագրողների հետ զրուցելիս ասաց, որ պատրաստվում է նաև չորրորդ հատորը ստեղծել. «Այս ժողովուրդը շատ է տառապել պատմության ընթացքում: Նա դիմացել է ամենասարսափելի վայրագություններին: Այնուամենայնիվ շարունակում է մնալ միացյալ ժողովուրդ: Պետք է հասնել նրան, որ բոլորը ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Երբ մեկը թափանցում է ինչ-որ խնդրի խորքը ու սկսում ուսումնասիրել, այլևս չի կարողանում ու չի ուզում դուրս գալ: Ես ամբողջ կյանքս ուսումնասիրել եմ ցեղասպանություններն ու բռնությունները և պատրաստվում եմ դա անել մինչև կյանքիս վերջ»:
Կարդացեք նաև
Իսպանացի գրողը նշեց, որ իրեն շատ է հուզում այն, ինչ հիմա կատարվում է Ղարաբաղում. «Իմ սիրտն այն մայրերի հետ է, որոնք իրենց որդիներին են սպասում: Ես երկու տուն ունեմ հոգուս մեջ. ես իսպանացի եմ և հայ: Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ բանաստեղծներն են առաջ մղում աշխարհը: Քաղաքական գործիչները մտածում են, որ իրենք են առաջ մղում աշխարհը, սակայն աշխարհն առաջ է գնում միայն բառերի և խոսքերի շնորհիվ»:
Պարոն Գուարչը, լինելով նաև ճարտարապետ և հաճախ այցելելով Հայաստան, կարծիք հայտնեց Հայաստանի ճարտարապետության մասին: Նա ասաց, որ հայ դասական և ժամանակակից ճարտարապետությունն իրեն շատ է դուր գալիս: Այն արժանի է շատ մեծ հարգանքի ու գովեստի. «Երկիրը գնալով բարգավաճում է, կանայք գնալով ավելի գեղեցկանում են: Ինձ շատ հաճելի է լինել այստեղ: Երբ այստեղ եմ, ինձ հայ եմ զգում, կինս էլ իրեն՝ հայուհի»:
Միջոցառմանը ներկա Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կարծիքով՝ ցանկացած օտարազգի մարդ, որ անդրադառնում է Հայոց ցեղասպանության թեմային, շահեկան է մեր ժողովրդի ճակատագրի ու պատմության համար. «Մի բան է, որ մենք ենք պատմում մեր պատմությունը, մեկ այլ բան, երբ օտարը՝ այն էլ գեղարվեստորեն, խորանալով մարդկային պատմության մեջ, հայերի տեսակի մեջ: Այն կանանց կերպարները, որ ինքը ներկայացնում է գրքերում, վառ ապացույց են: Նա ֆորմալ չի վերաբերում խնդրին, ու երևի դրա շնորհիվ է, որ իր կերպարները արտահայտիչ ու համոզիչ են»:
Տիկին Պողոսյանը հավելեց, որ գրքի իսպաներեն լեզվով լինելն ու տարբեր լեզուներով թարգմանվելը օգնեց հասարակության շրջանում տարածմանը: Սակայն եթե թարգմանվի անգլերեն, ավելի մեծ լսարան կունենա, և գրքի ազդեցությունն ավելի կընդլայնվի, քանի որ այդ լեզուն ունի ավելի լայն սպառող. «Պատահական չէ, որ թիրախը հենց կանայք են՝ ասելով, որ կանայք ավելի ճիշտ ու խորությամբ կհասկանան այն ողբերգությունը, որ կատարվել է: Կարելի է մեկ անգամ գիրք գրել և մոռանալ թեմայի մասին, բայց Գուարչը տարիների ընթացքում շատ հետևողական է.ապացույցը արդեն 4րդ հատորի մասին մտածելն է: Այսպիսի մարդկանց պարզապես բարեկամ չես անվանի: Նա արդեն ինչ-որ չափով մերն է՝ մեր ժողովրդի ներկայացուցիչը»:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ