Մայիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Արդարադատության նախարար Մուսթաֆա Փուր Մոհամմադիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով նախարարի այցը Հայաստան՝ Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց, որ երկու պետությունների միջև գործակցությունն օրեցօր բոլոր ոլորտներում ընդլայնվում է, և ՀՀ անկախության տարեգրության մեջ հայ-իրանական հարաբերություններում շոշափելի վերընթաց է նկատվում:
Նորին Սրբությունը գնահատանքով անդրադարձավ Իրանում հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգածու վերաբերմունքին, ինչպես նաև հայոց սրբավայրերի ու եկեղեցական կառույցների նկատմամբ դրսևորվող առանձնահատուկ խնամքին:
Իր հերթին Իրանի Արդարադատության նախարարն ուրախություն հայտնեց հանդիպման առիթով` նույնպես կարևորելով միջպետական կապերի զորացումը և տարբեր ոլորտներում առկա սերտ գործակցությունը: Անդրադարձ կատարելով ապրիլյան դեպքերին` տիար Փուր Մոհամմադին իր մտահոգությունն արտահայտեց` վերահաստատելով Իրանի զորակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Իրանի Արդարադատության նախարարը քննարկեցին մարդկության կյանքում ծառացած մարտահրավերներ, և այդ առումով արժևորվեց կրոնի դերակատարությունը արդի աշխարհում:
Իր խոսքում նախարարը, փաստելով աշխարհում նկատվող` Աստծուց հեռանալու վտանգի և ծայրահեղականության ցավալի դրսևորումների մասին, ընդգծեց կրոնների խաղաղ գոյակցության և այս ուղղությամբ ջանքերը համատեղելու անհրաժեշտությունը, որպեսզի աղետները դիմագրավվեն մարդկության կյանքում:
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ մարդկային կյանքի խնդիրները, ցավը և տառապանքը հուշում են, որ մարդ արարածը դադարել է ապրել Աստծու փառքի համար, շահը և ուժն են տիրապետող դարձել այսօր` վտանգավոր աստիճանի հասցնելով հոգևոր-բարոյական արժեքները: Ի հեճուկս այդ կործանարար երևույթների` Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ բարեսեր մարդիկ իրենց նախանձախնդրությամբ պիտի կարողանան փոխել աշխարհի ընթացքը և խոչընդոտել չարի տարածմանը:
Վերջում Նորին Սրբությունը հաստատեց նաև, որ երկու ժողովուրդների համերաշխ գոյակցությունն ու ջերմ հարաբերությունները կարող են որպես ցանկալի օրինակ ծառայել ողջ աշխարհին` վկայելու, որ կրոնական տարբերությունները պատերազմի պատճառ չեն կարող հանդիսանալ:
Հանդիպմանը խոսվեց նաև հոգևոր կրթական ծրագրերի ու արդարադատության ոլորտում ձևավորվող գործակցության մասին:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ