Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ քանի՞ «հեկտար» է Հայաստանի ինքնիշխանությունը

Մայիս 31,2016 22:00

Նախքան Ղարաբաղը՝ ճշտեք Հայաստանի կարգավիճակը

Չերչիլն ասում էր, որ քաղաքական գործիչները մտածում են հաջորդ ընտրությունների մասին, այնինչ պետական գործիչները՝ հաջորդ սերունդների: Երբ Հայաստանի պաշտոնյաները խոսում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին՝ նկատի ունենալով նրա անկախության ճանաչումը, ապա ծագում է մի տհաճ հարց. իսկ դուք տեղյա՞կ եք Հայաստանի Հանրապետության կարգավիճակի մասին, թե՞ առջեւում ավելի «կարեւոր» հարց կա՝ ընտրությունները, եւ մի բան պետք է ասեք, կամ` բան է, ասում եք:

Ռուս-ադրբեջանական դիվերսիան ընդդեմ Արցախի տապալվեց, քառօրյա պատերազմն իրավիճակ փոխեց: Իսկ որքանո՞վ է դա ընկալվել իշխանության եւ քաղաքական դաշտի կողմից: Բոլորը խոսում են, որ Արցախի անկախության ճանաչումը միջազգային հանրության կողմից այլընտրանք չունի, եւ Հայաստանը Վիեննայում սկսված բանակցային գործընթացում պետք է հասնի դրան: Ներողություն, ո՞վ: Հայաստա՞նը: Դո՞ւք: Հայաստանը՝ հանձինս ձե՞զ: Դուք անկախության ճանաչման հասնո՞ղ եք, պարոնա՛յք:

Նախ, մինչ Ղարաբաղի կարգավիճակի հարցին «մոտենալը»՝ կողքներդ նայեք. իսկ մենք, դուք՝ անկա՞խ ենք: Իրո՞ք: Ճշտե՞լ եք մեր կարգավիճակը: Եվ դա ԼՂՀ անկախությանը հասնողի կարգավիճա՞կ է: Մի քանի սկզբունքային եւ փոխկապակցված հանգամանքներ տալիս են դրա միանշանակ պատասխանը՝ ո՛չ:
Ռուսաստանի «դաշնակից» համարվող Հայաստանը չի կարող հասնել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման: Ավելին՝ այդպիսի Հայաստանին շատ պարզ կբացատրեն, որ նաեւ՝ «ձեզ չի՛ հասնում»:

Նախ, «դարավոր բարեկամ» Ռուսաստանի կարգավիճակի մասին: Մեծ յոթյակի՝ Ճապոնիայում կայացած գագաթնաժողովը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ մերօրյա Ռուսաստանի միջազգային մեկուսացումը դարձել է միջազգային հարաբերությունների անկյունաքարը, եւ աշխարհի գլխավոր ազատական-ժողովրդավարական երկրներն ունեն այդ հարցում լիակատար կոնսենսուս. Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները ոչ միայն չեն հանվելու, այլեւ ուժեղացվելու են հարկ եղած դեպքում՝ ասված է գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում: «Հիմա տեսեք, թե Չինաստանի հետ ինչեր ենք անելու» տիպի կիսելյովյան հեքիաթներն, իհարկե, իրականության հետ կապ չունեն. ԱՄՆ գլխավոր տնտեսական գործընկեր Չինաստանը բազմաթիվ առիթներով պատկառելի հեռավորություն պահելով՝ ցույց է տվել, թե ինչպես է վերաբերվում Մոսկվայի ագրեսիվ քաղաքականությանը: Եվ եթե գործը հասավ բանկային համակարգը սահմանափակող պատժամիջոցներին, ինչի հավանականությունը փոքր չէ, ապա միջազգային ֆինանսական համակարգին լիովին ինտեգրված Չինաստանն իրեն այդ ամենից պահելու է արդեն թնդանոթի կրակոցի հեռավորության վրա:

Բացի դրանից, ՆԱՏՕ-ի՝ արդեն թվով 29 դարձած անդամ-երկրները նույնպես ունեն կոնսենսուս. Ռուսաստանի նկատմամբ տարվելու է զսպման քաղաքականություն: Սառը պատերազմից հետո Արեւմուտքին վրա հասած թմբիրը ցրվում է առավոտյան մառախուղի պես, եւ Բալթյան երկրների ու Լեհաստանի կոչով Ռուսաստանի արեւմտյան սահմաններին տեղակայվում է գերարագ արձագանքման՝ ցամաքային զորքերի 4000-անոց խմբավորում, եւ դա միայն սկիզբն է, իսկ պատմականորեն չեզոք Շվեդիայի խորհրդարանն ընդունել է պատմական որոշում ՆԱՏՕ-ի զորքերի մուտքը երկիր թույլ տալու վերաբերյալ: Այսքանը բավական է՝ պատկերացնելու համար, թե ինչ համբավ եւ կարգավիճակ է ձեռք բերել Ուկրաինայում եւ Սիրիայում փակուղու մեջ հայտնված Ռուսաստանը:

Եվ ահա այսպիսի սուբյեկտին մեզ «դաշնակից» համարողների մոտ մենք հայցում ենք Լեռնային Ղարաբաղի համար անկախություն եւ իրավունքների ճանաչում: Մի՞թե սա զավեշտալի չէ: Ավելին՝ մենք ոչ միայն «դաշնակից» ենք, այլեւ, ինչպես Էդվարդ Նալբանդյանն է ասում, ստանձնել ենք «պարտավորություններ ԵՏՄ շրջանակներում», ինչը նշանակում է, որ մենք ոչ թե Մեծ յոթյակի, այլ նրա հակառակորդի հետ ենք: Բացի դրանից, շրջափակված երկիր լինելով՝ սրանով մենք միմիայն սահմանափակում ենք մեր հարեւաններ Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերությունները՝ վերածելով մեր սահմանը, փաստորեն, ռուս-վրացական եւ ռուս-իրանական սահմանի: Իսկ երկրորդի պարագայում նույնիսկ ռուս սահմանապահ ենք կանգնեցրել: Եվ ինչպես «Զվարթնոց» օդանավակայանում, այստեղ եւս գրեթե ոչ ոք քաղաքական դաշտում գոնե հռետորական հարց չի տալիս. մեր ի՞նչն եք այդտեղ «պաշտպանում» եւ որպես ի՞նչ եք այդտեղ կանգնել: Իսկ հաշվե՞լ եք՝ քանի՞ «800 հեկտար» ենք այստեղ տվել Ալիեւին զենք տրամադրող ռուսներին: Եվ Հայաստանի ինքնիշխանությունից քանի՞ «հեկտար» է այս ամենի արդյունքում մնացել: Թե՞ այս հարցը քաղաքական դիվիդենդներ չի բերում, կամ սա «համախմբվելու» թեմա չէ: Թե՞ «ասել» են, որ նման հարցեր չտաք:

Եվ հետո՝ ի՞նչ եղավ այդ ԵՏՄ-ն՝ իր 170-միլիոնանոց շուկայի բարիքներով: Որքա՞ն դեռ պիտի «սպասենք» տնտեսական «հրաշքին»: Մենաշնորհների դեմ պայքարի մասին հեռուն գնացող հայտարարություններ անող կառավարությունը որքա՞ն է հանդուրժելու ռուսական պետական ընկերություններ «Գազպրոմի» եւ «Ռոսնեֆտի» կեղեքիչ մենաշնորհը Հայաստանում: Թ՞ե դրանք «բարեկամական» մենաշնորհներ են, ձեռք տալ չի կարելի, շատ էլ թե կազմակերպված հանցավոր խմբավորումներին վայել համբավ են ձեռք բերել… ընդամենը կարդացեք համաշխարհային առաջատար մամուլը:

Մեր իսկ ձեռքով սահմանափակելով մեր հնարավորությունները թե՛ ներսում, թե՛ դրսում՝ դեռ ուրիշից էլ բա՞ն ենք ուզում: Այսպիսի «ուղեբեռը» գրկած, կոռուպցիան էլ՝ վերադիր, եւ սեփական ինքնիշխանությունից ձեռք քաշած քաղաքական վերնախավով մենք ինչ-որ բանի՞ ենք հավակնում քաղաքակիրթ աշխարհում: Ո՞րն ասես:

Այլեւս անհնար է զինվորին հասցեագրված գովասանքի խոսքերով փորձել քողարկել սեփական անգործունակությունը, ոչ կոմպետենտությունը, ագահությունը, գավառամտությունը, քաղաքական կամ ուղղակի կենցաղային տգիտությունը կամ էլ շարունակել մինչապրիլյան անպատասխանատու վարվելակերպը:
Իսկ պատմությունը դասեր է տալիս՝ նույնիսկ նրանց, ովքեր սովորել չեն սիրում, կամ իրենց թվում է, թե ամեն ինչ գիտեն: Իսկ այդ դեպքում այդ «ուսուցիչը» ձեռքը վերցնում է երկար եւ ծանր փայտը…

 
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

31.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ուկրաինայում եւ Սիրիայում Ռուսաստանը բնաւ փակուղիի մէջ չէ, այլ ընդհակառակն՝ լիովին յաղթական է, եւ մի լաւ դաս է տալիս Արեւմուտքին, առ ի հակազդեցութուն անոր ոտնձգություններին, իր դէմ:

    Արեւմուտք-Ռուսաստան արդի հակամարտութիւնը,
    Արեւմուտքն է որ սկսաւ:

    Չգոհանալով Խորհրդային Միութեան փլուզումով, մինչ Ռուսաստանը տկարացած էր, Արեւմուտքը մէկ առ մէկ անկէ խլեց անոր ազդեցութեան ոլորտի մէջ գտնվող բոլոր երկիրները: Երբ հասաւ մինչեւ Վրաստանին, արդէն Ռուսաստանը ինքզինք վերականգնած էր, եւ կարողացաւ առաջին հակազդեցութիւնը տալ: Իսկ երբ կարգը եկաւ Ուկրայինայի, Ռուսաստանը այլեւս կարմիր գիծը քաշեց: Եւ ինք ալ միջամտեց Միջին Արեւելք, փրկելու համար Սուրիան – մինչ Արեւմուտքը այդտեղ ալ մէկ առ մէկ անէացնելու ընթացքի մէջ էր արաբական պետութիւնները – :

    Արեւմուտքի ձեր – կոյր – պաշտամունքը դէպի կործանում կը տանի Հայաստանը: Բարեբախտաբար, երկրի ղեկավարները լաւ են հասկանում թէ բանն ինչումն է:

    • Մարգար Մախսուդյան says:

      …Արեւմուտքը մէկ առ մէկ անկէ խլեց անոր ազդեցութեան ոլորտի մէջ գտնվող բոլոր երկիրները:.. , և հիմա այդ երկրները տնտեսական և իրավական առումով ճգնաժամի մեջ լինելով, երանի են տալիս այն ժամանակները, երբ ռուսական սապոգի ներքո չաղ ու բախտավոր ապրում էին…, դե իսկ Վրաստանն ու Ուկրաինան պարզապես սարսափում են այն մտքից, թե մի օր կարթնանան առանց իրենց պաշտելի արջի թաթի պաշտամունքի…
      Հ.Գ.
      Զավեշտ է, չէ՞…

      • Հ.Շ. says:

        Վրաստանի եւ Ուկրայինայի պարագաներուն, թէ անոնք կ’ափոսան կամ ոչ, իրենց գիտնալիքն է, բայց իրենց համար՝ Արեւմուտքին յանձնվելու գինը զարհուրելի է: Մենք մի քանի հարիւր մեթր հողային – նոր – կորուստի համար խռոված ենք այս պահին, անոնք հսկայական տարածքներ է որ կորսնցուցին: Եւ մնացեալ մակարդակների վրայ եւս՝ բնաւ փայլուն չէ իրենց վիճակը: Ուկրայինան տնտեսապէս անդունդի մէջ է, իսկ անօրէնութիւնը, կաշառակերութիւնը եւայլն., նոյնիսկ աւելի սաստկացած են այդտեղ, հիմա որ «ազատութիւն» կայ… Կարգին քաոս է: Վրաստանի պարագային եւս, մակերեսային երեւոյթներից պէտք չէ խաբվիլ: Եւ դեռ հաշիւները չեն փակված:

        Միւս մի քանի կարծեցեալ երկիրների պարագային (Լատվիա-Մատվիա), անոնք ալ միայն արվեստականօրէն, ձեւականօրէն, երեւութապէս լաւ են երեւում այսօր, շնորհիւ իրենց ուղղակի միացման Եւրոպական Միութեան: Կը մնայ նայիլ թէ այս վերջինի ապագան ինչ է լինելու… Հետեւում էք վստահաբար, թէ ոնց Անգլիան արդէն կարող է դուրս գայ, դուրս փախչի այդ նեխած կառոյցից: Յունաստանի վիճակն ալ պարզ է: Իսկ Հունգարիան այնքան պարտքերու տակ է, որ – անգամ մը եւս – իր հոգին ծախեց սատանային, Ռամիլ Սաֆարովի նիւթով…

        Ի դէպ, արեւելեան Գերմանիայում, արեւելեան Պերլինի իսկ կարգ մը թաղերում, շատոնց է որ կայ արդէն որոշ կարօտախտ, Պատի ժամանակների վերաբերեալ:

        Ռուսաստանից կախեալ մնալու մօտեցումը` հիմնված է իրապաշտութեան – եւ նաեւ համակերպումի – վրայ: Արեւմտեան ծովահարսերի կանչին հաւատալը ողբերգական երազանք է:

        • Մարգար Մախսուդյան says:

          Հարգելի Հայդուկ, որպեսզի երկար ու բարակ չպատմենք իրար մեր տպավորությունները ՛՛վայրի արևմուտքի՛՛ և ՛՛առաջադեմ՛՛ Ռուսաստանի մասին, առաջարկում եմ դիտել աշխարհի՝ Մարդկային Զարգացման Ինդեքսի / Human Development Index
          https://en.wikipedia.org/wiki/Human_Development_Index / քարտեզը.
          https://upload.wikimedia.org/wikipedia/commons/3/34/2014_UN_Human_Development_Report_Quartiles.svg
          որտեղ ձեր մատնանշած ՛՛պարտքերի մեջ թաղված Հունգարիան՛՛ զգալիորեն գերազանցում է Մայր Ռուսաստանին, թեև բնական հարստությունների տեսակետից գտնվում է ճիշտ հակառակ բևեռում:
          Եթե համրձակվենք համեմատել Հյուսիսային և Հարավային Կորեաները, որտեղ ազգային գործոն չկա, և բնակլիմայական պայմաններն էլ գրեթե նույնն են, ապա նրանց կենսամակարդակների տարբերությունները կարելի է գրանցել թերևս Գինեսի գրքում, դե իսկ եթե պարզվի, որ այդ ինդեքս կոչվածը հորինել են նենգամիտ կապիտալիստները Ռուսաստանին և նրա բազմաչարչար վասալներին վարկաբեկելու համար, ապա համարեք, որ այս անգամ ևս ձեր ասածն է ճիշտ:

          • Հ.Շ. says:

            Սիրելի Մարգար,

            Ես երբեւիցէ չասացի թէ Արեւմուտքը վայրի է եւ Ռուսաստանը առաջադէմ:

            Թէ անոնցմէ ո՞րմէկը միւսէն աւելի լաւ է,
            ճիշդ ես՝ անվերջանալի նիւթ է, ամուլ բանավէճ է:

            Բոլոր ջանքերս որ մերթ ընդ մերթ թափում եմ այս կողմերը կը միտին պարզապէս բացատրելու թէ՝

            ա) Արեւմուտքը, ինչ որ ալ է,
            վստահաբար այն չէ,
            որ Հայաստանում պատկերացնում/երեւակայում են, ոմանք:

            բ) ամէն պարագայի,
            Արեւմուտքի եւ Հայաստանի պետական շահերը իրարու պիտի չհամապատասխանեն երբեք,
            եւ հետեւաբար, Արեւմուտքը երբեք մեր բարեկամը պիտի չըլլայ,
            ինչպէս որ կարծում ու երազում են Հայաստանում, ոմանք:

            Թէ Ռուսաստանը այ՜ս է, կամ այ՜ն է,
            չգիտեմ,
            սակայն լաւ գիտեմ թէ, ամէն պարագայի, Ռուսաստանը այն չէ,
            ինչ որ Արեւմուտքը ասում է՝ թէ է:

            Պարզապէս չեմ ուզում որ Հայաստանի իմ ազգակիցները խաբվին Արեւմուտքից: Եւ այդ պատճառով, ահաւոր վնասներ կրէ Հայաստանն ու համայն Հայութիւնը:

            Համոզված եմ որ հենց այդ խաբկանքի պատճառով արդէն իսկ դանդաղ է ընթանում մեր արդէն իսկ դժնդակ վերականգնումը, եւ արդէն իսկ վնասներ ենք կրում, ներառեալ բառացիօրէն զոհեր ռազմաճակատում:

            Ինչ որ ել լինի Ռուսաստանը,
            մեզի համար ան միակ ու միակ հնարաւոր դաշնակիցն է:

            Պատմութիւնը, մի քանի ճակատագրական, օրհատսական առիթներով, ողբերգական ծայրագոյն չափերով փաստեր է արդէն, ինչ որ ասում եմ վերեւ:

            Անգամ մը եւս եթէ նոյն սխալը ընենք,
            հաւանաբար վերջին անգամը կ’ըլլայ…

            Մի բան ել աւելացնեմ՝
            տեսականօրէն,
            all things considered,
            ես ել թերեւս փափաքէի որ Հայաստանը Արեւմուտք լինի:

            Սակայն, երեւի… լոկ աշխարհագրական գետնի վրայ արդէն,
            ինչ-որ խնդիր մը կայ, չէ՞…

            Պէտք է որ ընդունինք ուրեմն ինչ որ ենք, ով որ ենք,
            ընդունինք ուր որ ենք, ինչ որ ունինք,
            ոչ աւելի, ոչ պակաս,
            ըստ այնըմ յարմարինք – կամ ի հարկին, համակերպինք – կացութեան,
            եւ ջանանք մեր եղածով եւ մեր ունեցածով՝ առաջ ընթանալ:

            Փոխանակ խորտակիչ երազներու ետեւից վազելու (դէպի անդունդ կամ պատ) :

  2. Տիգրան says:

    Այսքան լավ հոդվածի տակ շատ հետաքրքրական էր ընթերցելու այս 5 մեկնաբանությունը: Բայց ով իմանար, որ հանդիպելու եմ Հ.Շ.-ի մտքի շեդեւրներին: Տնաշեն, հոդվածից երկար ես գրել, բայց բան չես գրել: Ի դեպ, ինչպես միշտ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031