Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի վարչապետ. մարտական ծառայության յուրաքանչյուր օրվա համար պետք է վճարել 5 000 դրամ

Մայիս 31,2016 17:58

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ հայրենիքի պաշտպանությանը կամավորագրված քաղաքացիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ պաշտպանության բանակի կողմից կամավորների մի մասին արդեն տրվել է կանխավճար, սակայն կառավարությունը հաստատել է, որ մարտական ծառայության յուրաքանչյուր օրվա համար պետք է վճարել 5,000 դրամ՝ առանց եկամտային հարկի: «Որոշումը վերաբերում է առաջին հերթին չաշխատող քաղաքացիներին, իսկ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և պետական մասնակցությամբ հիմնարկ-ձեռնարկությունների այն աշխատակիցներին, որոնց աշխատավարձը ցածր է 150,000 դրամից, կտրամադրենք ստացած գումարի տարբերությունը:

Ծրագրում ընդգրկված են նաև մի շարք խոշոր տնտեսվարող կազմակերպությունների աշխատակիցներ»,- ասել է վարչապետը:

Այնուհետև զեկույցով հանդես է եկել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը: Նրա խոսքով՝ համապատասխան մարմինների հետ ճշգրտվում են կամավորների ցուցակները, և հունիսի 6-ից «Արցախոստ» ՓԲԸ միջոցով կսկսվի այդ գումարների տրամադրման գործընթացը: «Ովքեր այդ ճշգրտումների արդյունքում չեն նույնականացվի, հունիսի 6-ից «Արցախոստ»-ի բաժանմունքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները կգրանցեն նրանց անձնագրային տվյալները, և արդեն հաջորդ փուլում կտրամադրենք նրանց գումարները ևս»,- ասել է Ս. Ավանեսյանը: Գործադիր իշխանության ղեկավարը շեշտադրել է, որ անհրաժեշտության դեպքում պետք է ներգրավել պաշտպանության բանակի համապատասխան կառույցներին և շրջվարչակազմերին՝ համակարգված աշխատանք իրականացնելու համար, որպեսզի գործընթացը զերծ լինի բացթողումներից: Ա. Հարությունյանը նշել է նաև, որ բանկերի ղեկավարների հետ համաձայնություն է ձեռքբերվել, ըստ որի՝ բանկային պարտավորություններ ունեցող կամավորները վարկերի մարման ժամկետների երկարաձգման հնարավորություն կունենան:

 

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031