Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված հուշաքարի բացման արարողությունից հետո Հովիկ Աբրահամյանը լրագրողներին հորդորեց սպասել մինչև հինգշաբթի:
Դիտարկմանը՝ արդեն երեք շաբաթ է անցել վարչապետի հանձնարարականից մենաշնորհի դեմ պայքարի հարցում, սակայն արդյունքների մասին տեղեկություն չկա, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Հինգշաբթին դեռ առջևում է: Մենք կհայտարարենք, ինչ որ ասել ենք, իրականացնելու ենք և հետևողական ենք լինելու մեր խոստումների և հանձնարարությունների մեջ: Կարծում եմ՝ մեր թիմը ՀՀ նախագահի գլխավորությամբ, այն, ինչի մասին բարձրաձայնել է, կիրականացնի մինչև վերջ: Ուղղակի, խնդրում եմ, համբերեք, որ տեսնեք շոշափելի արդյունքներ ենք ունենալու»:
Հիշեցմանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն առաջարկում է օրենքով ամրագրել մենաշնորհը, և հարցին՝ արդյոք այդ առաջարկը հակասության մեջ չի՞ մտնում ՀՀ վարչապետի՝ մենաշնորհի դեմ պայքարի հանձնարարություններին, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Արծվիկ Մինասյանը նման հայտարարություն է արել, խեղաթյուրվել է նրա խոսքը: Որևէ նախարար կառավարությանը և վարչապետին հակառակ բաներ չի կարող անել»:
Հարցին՝ ինչպիսի՞ն է վարչապետի մոտեցումը՝ պե՞տք է օրենքով ամրագրել մենաշնորհը, կառավարության ղեկավարը պատասխանեց. «Կքննարկենք բոլոր հարցերը, որոնց մասին բարձրաձայնել ենք, լուծման տարբերակներ կառաջարկենք: Ուղղակի ձեզ խնդրում եմ՝ մի քիչ համբերեք: Մենք ուղղակի խոսքեր չենք հայտարարել, մենք մտածել ենք մինչև հայտարարություն անելը, և դրանք լինելու են տեսլական, ծրագիր, որն իրականացվելու է ժամանակի ընթացքում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ