ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Մոստաֆա Փուրմոհամադիին:
ՀՀ դատախազության կայքէջի համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը, ՀՀ գլխավոր դատախազության Միջազգային իրավական կապերի բաժնի պետ Ե. Ավագյանը, ԻԻՀ արդարադատության նախարարության արտաքին կապերի վարչության պետ Մոհամմադ Ալի Մեհրան Ֆարը, ԻԻՀ արդարադատության նախարարի խորհրդական Ահմադ Ալի Մոհսեն Զադեն, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, ԻԻՀ դեսպանության խորհրդական Ալի Նասեր Սոբհանի Փուրը:
Հանդիպման ընթացքում կողմերը, ընդգծելով երկու երկրների միջև տնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում առկա համագործակցության բարձր մակարդակը, կարևորել են իրավական ոլորտում առավել արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը: Մասնավորապես քննարկվել են, հանցագործություն կատարելու դեպքում ԻԻՀ քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում և ՀՀ քաղաքացիներին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցեր:
Կողմերն առանձնացրել են Հայաստան այցելող Իրանի քաղաքացիների կողմից ՀՀ օրենսդրության չիմացության արդյունքում առաջացող խնդիրները: ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ հաշվի առնելով երկու երկրների օրենսդրությունների տարբերությունները, անհրաժեշտ է մշակել երկկողմ իրավական փոխօգնության հստակ, դետալային և մատչելի մեխանիզմ, ինչը իրավական պաշտպանության ճիշտ կազմակերպման հնարավորություն կտա ինչպես ԻԻՀ-ում ՀՀ քաղաքացիների, այնպես էլ ՀՀ-ում ԻԻՀ քաղաքացիների համար:
Կարդացեք նաև
ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ վիճակագրական տվյալները վկայում են ՀՀ-ում ԻԻՀ քաղաքացիների կողմից կատարված և ՀՀ-ում ԻԻՀ քաղաքացիների նկատմամբ կատարված հանցագործությունների դինամիկ նվազման մասին:
ԻԻՀ արդարադատության նախարարն իր հերթին ներկայացրել է վիճակագրական տվյալներ՝ ԻԻՀ քաղաքացիների ՀՀ այցելությունների վերաբերյալ, ըստ որի այս ոլորտում դինամիկ աճ է գրանցվել:
Զրուցակիցների համոզմամբ սա նաև հաջողված իրավական փոխգործակցության լավագույն արդյունք է: Կողմերը պատրաստակամություն են հայտնել պահպանել այդ կայուն հիմքերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին առնչվող խնդիրները: Երկուստեք նշվել է, որ այս ուղղությամբ իրավապահ մարմինները խիստ և հետևողական աշխատանք են իրականացնում: Քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա՝ առավել արդյունավետ համագործակցության ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ: