Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես շոկի մեջ էի, պարուսույցը մեր խմբի Դավիթին հեռացրել էր, որովհետեւ ինքը աղանդավոր է». Գայլ Խանդիկյան

Մայիս 31,2016 16:42

ԱՄՆ-ից Հայաստան վերադարձած սփյուռքահայ երիտասարդ Գայլ Խանդիկյանն (լուսանկարում) իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ իրեն «Կարին» ազգագրական համույթի անդամ, պարուսույց Հարութ Բաղդասարյանը հեռացրել է խմբից՝ սեռական կողմնորոշման համար:

Գայլ Խանդիկյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է իր խոսքերով՝ «շոկի մեջ ընկել», երբ պարուսույցը պատմել է, թե ինչի համար է նա հեռացրել նաեւ իրենց խմբի Դավիթին. «Ես շատ բան չասացի մեր խոսակցության ժամանակ, շոկի մեջ էի, նա կենտրոնացավ նույնասեռականության վրա։ Բայց ավելի նշանակալին այն է, որ մեր խոսակցության ժամանակ ինքը ինձ հարցրեց, թե Դավիթ անունով տղային հիշո՞ւմ ես, որը մեր պարախմբի հետ էր պարապում: Պարոն Բաղդասարյանն ասաց, որ ինքն այդ տղային հեռացրեց պարախմբից, որովհետեւ ինքը աղանդավոր էր։ Այս խնդիրը խտրականության եւ նախապաշարմունքի մասին է, եւ, միայն իմ խնդիրը չէ։ Ուրիշ հայ էլ խտրականության ենթարկվեց, որովհետեւ ինքը ձեւով տարբեր էր, եւ զրկվեց մեր հայկական պարերից, մեր մշակույթից։

Հայաստանի Հանրապետության մեջ հակախտրական օրենք չկա, որ մարդկանց պաշտպանի այս տեսակ խտրականություններից, որոնք անօրինական պետք է որ լինեն ժողովրդավար հասարակության մեջ, ուր բոլոր մարդիկ իրար հետ հավասար են եւ նույն իրավունքներն ունեն։ Բոլոր մարդիկ պաշտպանված պետք է լինեն։ Օրենք պետք է լինի, որը կպաշտպանի հասարակության ամենախոցելի խմբերը՝ կանայք, ազգային եւ կրոնական փոքրամասնություններ, հաշմանդամներ, ԼԳԲՏ մարդիկ»:

Գայլ Խանդիկյանի խոսքերով՝ «Գիտե՞ս քանի հայ գիտեմ, որոնք մերժում են իրենց հայի ինքնությունը, որովհետեւ զգում են, որ ընդունված չեն, որ հայոց աշխարհի մեջ տեղ չկա իրենց համար: Անցյալ օրը հրապարակումների տակ կարդացի մի հայ երիտասարդի գրածը, ուր իր մտահոգությունն էր արտահայտում Հայաստանի մասին։ Գրել էր, որ ուզում է Հայաստան գալ եւ իր հայրենիքի հետ կապ ստեղծել, բայց վախենում է, որ իր հայրենիքը իրեն կմերժի, որովհետեւ միասեռական է։ Դա շատ ցավալի է։ Փոխանակ մարդկանց ներգրավելու մեր մշակույթով եւ ընդունելու բոլոր հայերին, մարդկանց սահմանափակում ենք, մերժում ենք։

Մենք ցեղասպանություն ապրած ժողովուրդ ենք, ատելությունը, նախապաշարմունքը, խտրականությունը շատ լավ գիտենք: Բոլոր ցեղասպանությունների օջախն ատելությունն է:

Արդյոք ո՞վ է հայի պատիվն իսկապես վնասում, ե՞ս, որ Հայաստան եկա, ուզեցի հայկական պար սովորել եւ մոտիկ զգալ իմ մշակույթին, որ քննադատում եմ հոմոֆոբիան եւ բռնության կոչերը, եւ հայրենիք եմ ուզում, որտեղ բոլոր հայերն ընդունված կլինեն, թե՞ այն հայերը, որոնք Հիտլերին են գովում՝ հազարավոր միասեռական տղամարդ ջարդելու համար Հոլոքոստի ժամանակ, որոնց մասին ես գրեցի։ Ինչպես այս խնդիրը պատվի մասին չէ։

Ազատ, ժողովրդավար հասարակության մեջ, մարդ պետք է ազատ լինի խոսելու, քննարկելու, եւ քննադատելու այն, ինչը վնասում է հասարակությանը կամ խախտում է ուրիշի իրավունքները։ Քննադատությունը վատ բան չէ, ընդհակառակը շատ լավ բան է։ Երբ կարողանանք քննարկել եւ խոսել մեր անհամաձայնությունների մասին մարդավարի կերպով, առանց անձնական վիրավորանքների եւ, անշուշտ, բռնության կոչերի, մենք ավելի կմոտենանք:

Իմ նպատակը հային վիրավորելը չէր, ես սիրում եմ Հայաստանը: Եթե չսիրեի՝ չէի գա այս երկիրը: Ես գիտեմ ով եմ, եւ համոզված եմ, որ մեր մշակույթը մեր բոլորին է պատկանում։ Պիտի շարունակեմ պարել եւ սիրել մեր մշակույթը եւ մեր հայրենիքը»:

Մեր հարցին՝ Ձեզ հետ կապված հրապարակումների տակ մի մարդ գրել է՝ «Բոլոր հոմոֆոբներին՝ Բաքու»: Համաձա՞յն եք այս «պատժատեսակի» հետ՝ Գայլ Խանդիկյանը պատասխանեց. «Բացարձակ համաձայն չեմ, եւ այդ տեսակի բուռն ազգայնական կոչերին դեմ եմ, ում էլ որ ուղղված լինեն: Ես բոլոր հայրենակիցներիս սիրում եմ՝ հոմոֆոբներին եւ ոչ հոմոֆոբներին։ Նման կոչերն անարդյունավետ են: Իրար հետ պետք է քննարկենք եւ մարդավարի խոսենք մեր անհամաձայնությունների մասին»։

Գայլ Խանդիկյանն ասաց, որ ինքը շարունակելու է պարել եւ արդեն որոշ անհատների կողմից հրավեր է ստացել՝ իրենց հետ պարապելու ազգագրական պարեր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Չէի ասել բոլորին)))
    ես ուղղակի հակադարձել էի համարժեք՝ վերադարձնելու այդ մարդկանց մերժվածության զգացողությունը։նաև մի քիչ հումորով։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031