«Միայն ավտոմեքենաներ կրճատելով հարցը չի լուծվում, նպատակն ավտոմեքենա պակասեցնե՞լն է: Սովորաբար, օպտիմալացում` նշանակում է կառավարման օպտիմալ համակարգ, երբ ավելի քիչ ռեսուրսներով բարձրացնում ես Կառավարության օգտակար գործողության գործակիցը, այսինքն, գործունեության արդյունքում տեսնում ես բարեկեցության բարձրացում, քաղաքացիների բավարարվածություն: Հանրային ծառայողի բարեվարքությունն ամենալավ օպտիմալացումն է»,-այսօր` մայիսի 31-ին, «Բլից Ինֆո» մամուլի ակումբում խոսելով Կառավարության` 800 ծառայողական ավտոմեքենա կրճատելու որոշման մասին, ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հայաստանյան հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
Նա անդրադարձավ նաեւ կրթական համակարգի կոռուպցիոն դրսեւորումներին` ասելով, որ դրամահավաքները պարզապես կոռուպցիոն երևույթների ածանցյալներն են. «2010թ. մեր կազմակերպության կողմից ՀՀ կրթական համակարգը ճանաչվեց ամենակոռումպացվածը: Դրամահավաքի դեմ պայքարել պետք է, բայց հասկանանք` ինչի՞ համար է արվում դրամահավաքը: Դա խորհրդային տարիներից եկող սովորույթ է, որ վերջին զանգը պետք է ճոխ նշվի: Ես երկու տարի ուսանել եմ ԱՄՆ-ում, որտեղ ավարտելուց ոչինչ չէր արվում: Գուցե մշակույթների տարբերության հարց է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև