Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Կռիլով. «Չի կարելի ասել, որ Ադրբեջանը բոլորին գնել է»

Մայիս 31,2016 16:21

«Շատ կարեւոր է, որ հայկական դիվանագիտությունն ակտիվ աշխատի, քանզի այժմ, ադրբեջանական դիվանագիտությունն իր ակտիվությամբ անչափելի բարձր է: Մոսկվայի օրինակով կարող եմ ասել`Ադրբեջանական դեսպանատունը` պոետ, կոմպոզիտոր եւ երգիչ Բյուլբյուլօղլու գլխավորությամբ անասելի ընդհանրական աշխատանք է կատարում` փորձագետների, երիտասարդների, հասարակության մշակութային հատվածի հետ: Նաև կետային աշխատանք`պետական չինովնիկների հետ, որոնք զբաղվում են Կովկասով եւ Ադրբեջանի հետ հարաբերություններով»,- այսօր շարունակվող «Կովկաս 2015» միջազգային գիտաժողովի ժամանակ հայտարարեց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը:

Այս թեմային Aravot.am-ն արդեն անդրադարձել է: Մոսկվայում հայաստանցի լրագրողների հետ հանդիպումների ժամանակ նման դիտարկումներ արեցին ռուսաստանցի տարբեր շրջանակների գործիչներ: Այդ ամենին ՀՀ ԱԳՆ-ի արձագանքն այսպիսին է` դեսպանի ակտիվությունը հարցազրույցների քանակով չի որոշվում: Նման կարծիք, Aravot.am-ի հետ զրույցում հայտնել էր ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը:

Ալեքսանդր Կռիլովը նկատում է՝ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը մշտապես տարբեր միջոցառումներ, ընդունելություններ են կազմակերպվում, որտեղ մարդիկ շփվում են, ծանոթանում միմյանց հետ. «Այստեղ չի կարելի ասել`բոլորին գնել են, լոբբիստները գնված են: Ոչ: Նրանք շատ են շփվում, տարածում են իրենց տեսակետները, կապեր են պահպանում եւ մարդիկ կամաց-կամաց ընկնում են այդ ցանցի մեջ»:

Նա հիշում է, որ ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպանի օրոք, որը նույնպես երաժիշտ էր, որոշակի շարժեր նկատվում էին, թեեւ բավական սահմանափակ. «Բայց հիմա բացարձակ ոչինչ չկա: Անգամ Հայաստանի անկախության օրը որեւէ միջոցառում դեսպանատանը չի կազմակերպվում: Չեն աշխատում ոչ հասարակության հետ, ոչ այն շրջանակների, որոնք աշխատում են Հայաստանի հետ»:

Քաղաքագետը հիշեց, որ վերջերս Կովկասի աշխարհաքաղաքականությանը վերաբերվող մի կոնֆերանս էլ Փարիզում էին կազմակերպել: Հրավիրել էին Հայաստանի եւ ՌԴ դեսպանատների ներկայացուցիչներին: Ադրբեջանի դեսպանատուն հրավեր չեն ուղարկել, քանի որ Կռիլովը Ադրբեջանի «սեւ ցուցակում» է: Արդյունքում ոչ ՌԴ, ոչ Հայաստանի դեսպանատներից չեն բարեհաճել ներկա գտնվել: Մինչդեռ Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչը մասնակցել է եւ բավական ակտիվ ներկայացրել իր երկրի տեսակետը: Կոնֆերանսի մասին տեղեկությունն էլ նրանք համացանցից են ստացել: «Զգացեք տարբերությունը»,- ասաց փորձագետը` հավելելով, որ եթե հայկական դիվանագիտության այս պասիվ վիճակը շարունակվի, չի բացառվում, որ որոշ երկրներ անգամ փոխեն ԼՂՀ հակամարտության նկատմամբ իրենց վերաբերմունքը:

Իսկ մինչ այդ, քաղաքագետի համոզմամբ, քանի դեռ շփման գծում դիտարկման մեխանիզմների հստակ կիրառում ապահովված չէ, ապրիլյան սցենարները կարող են կրկնվել. «Եթե, իհարկե, խոսում ենք հակամարտության խաղաղ կարգավորման մասին: Եթե հանկարծ ինչ-ինչ պատճառներով ուժերի փոխհարաբերակցությունը չփոխվի»:

Նա կարծում է, որ եթե անգամ իշխանությունները պատրաստ լինեն փոխզիջումների, հայկական հասարակությունը չի համաձայնի: Եվ եթե իշխանությունը հաշվի չառնի հասարակության տրամադրությունները, Հայաստանի առաջին նախագահի օրինակը կկրկնվի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031