Լրահոս
Օրվա լրահոսը

Գեորգի Կանաշվիլի. «Պատերազմի չվերսկսման գրավականն Ալիեւն է»

Մայիս 31,2016 15:50

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մինասյանը համամիտ է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունները քաղաքական բնույթ էին կրում. «Ոչ մի «բլից-կրիգ» չէր նախատեսվում: Ադրբեջանի իշխանությունը փորձում էր ցույց տալ, որ 1994-ի ստատուս-քվոն ոչ քաղաքական, ոչ է ռազմական առումով գոյություն չունի:

Այսօր շարունակվող «Կովկաս 2015» միջազգային գիտաժողովի ժամանակ քաղաքագետը նաեւ նկատեց, որ Ադրբեջանն անգամ հաջողության չկարողացավ հասնել «լուծարելու» 1994 թվականին ձեռք բերված համաձայնությունները, որոնց տակ նաեւ ԼՂՀ-ի ստորագրությունը կա, թեպետ ապրիլին, Մոսկվայում, Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետերը պայմանավորվեցին կրակը դադարեցնելու մասին: Սա, Սերգեյ Մինասյանը համարում է ոչ միայն կամ ոչ այնքան ՀՀ դիվանագիտության, համանախագահների ձեռքբերումը, որքան ՌԴ-ի դերակատարումը: Ռազմական գործողությունների արդյունքում, ըստ նրա, դարձավ ավելի «կանխատեսելի-պայթյունավտանգ», բայց խնդրի հանգուցալուծման տարրերը չփոխվեցին:

Քաղաքագետը առաջիկայում, բանակցային գործընթացում, իրական առաջընթաց չի ակնկալում: Կարծում է, որ բանակցելու որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, կողմերը դարձյալ կկանգնեն փակուղու առջեւ, քանզի ապրիլյան գործողություններից հետո բանակցելու համար առավել բարդ իրավիճակ է ստեղծվել:

«Վիեննայում եւ դրանից հետո, նկատելի են փոխվստահության որոշակի ֆիքսացիային ուղղված քայլեր: Խնդիրը հիմա այն է, թե կողմերին կհաջողվի՞ թուլացնել լարվածությունը եւ իրական բանակցություններ համար հիմք ստեղծել: Մտավախություն ունեմ, որ այս համաձայնություններից հետո կողմերը իրական բանակցությունների փակուղու առջեւ կկանգնեն»,- ասաց նա:

Մոսկվացի փորձագետ Ահմեդ Յարլիկապովն էլ անդրադառնալով այս հակամարտության մեջ իսլամական ֆակտորին, ասաց, որ այն չաշխատեց ինչպես քսան տարի առաջ, այնպես էլ հիմա` ի հեճուկս բոլոր վերլուծությունների, թե այդ տարրն առկա է:

Iakandaryan_Kritov Նրա հետ չհամաձայնեց մեկ այլ փորձագետ`Սերգեյ Կռիլովը, նկատելով, որ, համենայն դեպս, տեղեկություններ եղան այն մասին, թե քառօրյա պատերազմում նաեւ իսլամիստ-հրոսակներ էին մասնակցում:

Ահմեդ Յարլիկապովը գտնում է, որ Իսլամական պետությունն այսօր շահագրգիռ չէ զբաղվել այն ամենով, ինչ տեղի է ունենում Ղարաբաղում եւ նրա շուրջ:

Ստամբուլի Սուլեյման Շահ ինստիտուտի քաղաքագետ Չինգիզ Ագտարն էլ խոսելով հակամարտությունում Թուրքիայի վերաբերմունքի, տեղի եւ դերի մասին՝ ասաց, որ այն «շատ փնթի եւ իմպրեսիոնիստական է»: Նա նկատում է. «Ի հեճուկս Անկարայի` Ադրբեջանին ակնհայտ դիվանագիտական աջակցության, անգամ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը չգիտի Ղարաբաղի տեղը, ուր մնաց հասարակությունը»:

Վրացի փորձագետ Գեորգի Կանաշվիլին էլ իր դիտարկումներում ասաց`ուշագրավ էր, որ ոչ միան պաշտոնական Թբիլիսին, այլ նաեւ վրացական հասարակությունը ակնհայտ համակրանք եւ հակակրանք չդրսեւորեց կողմերից որեւէ մեկի նկատմամբ: Շատ լոյալ, հավասարակշռված դիրքորոշում ունեին բոլորը:

Նա նկատում է, որ Վրաստանում նույնքան հայեր եւ ադրբեջանցիներ են ապրում: Ասում է` քառօրյա ռազմական գործողությունների ժամանակ տեղեկություն եղավ, որ հայաբնակ եւ ադրբեջանաբնակ վայրերում որոշակի շարժեր եղել են: «Հայտնի չէ թե ինչո՞վ կավարտվեր ամենը, եթե չորս օրով ամեն ինչ չվերջանար»,- ասաց փորձագետը` հավելելով, որ հայկական կողմը բավական օպերատիվ եւ բազմակողմանի տեղեկություն էր տալիս քառօրյա պատերազմի ընթացքում: Ադրբեջանն ավելի ուշ եւ ավելի կցկտուր տեղեկություններ էր տրամադրում:

Նրա համոզմամբ, որքան էլ տարօրինակ է, բայց պատերազմը չսկսվելու գրավականը Ալիեւն է իր ռեժիմով եւ համակարգով, որն այսօր կա Ադրբեջանում. «Ալիեւը պատրաստ չէ կորցնել այն ամենն ինչ ունի եւ նրան հարյուր տոկոսանոց երաշխիքներ են պետք: Եթե Ադրբեջանում ժողովրդավարական գործընթացներ գնան, անպայման լայնամասշտաբ պատերազմը կսկսվի»:

Հայաստանցի փորձագետ, լրագրող Դավիթ Պետրոսյանն էլ նկատեց, որ այս ռազմական գործողությունները մեր հասարակությունում պետք է փակեն այն խոսակցությունները, թե ինչպիսի՞ բանակ է մեզ պետք`ժամկետային, թե՞ պայմանագրային. «Մենք տեսանք, որ զորակոչիկները կարողացան արժանի պատասխան տալ էլիտար, լավ վարժված ստորաբաժանումներին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031