Գյումրու թիվ 1-ին արհեստագործական ուսումնարանում բացվեց Ջեբրայիլում հերոսաբար նահատակված գյումրեցի 20-ամյա տանկիստ Տիգրան Աբգարյանի անվան լսարան:
Այստեղ Տիգրանը 3 տարի շարունակ սովորել էր խոհարարություն, իսկ ավելի վաղ Տիգրանի անվան ՆԶՊ դասասենյակ էր բացվել նրա հարազատ՝ Գյումրու Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 4-րդ դպրոցում:
Հիշեցնենք, որ Տիգրան Աբգարյանը, թշնամու հարձակման ժամանակ մղվելով առաջնագիծ ու իր տանկով մտնելով նրանց 8 տանկերի մեջ, միայնակ խոցել է առնվազն 4 տանկ: Նրան դասավանդած ուսուցիչները վստահ են, որ այդ դասասենյակներում թևածելու է Տիգրանի ոգին, այնտեղ հայրենասիրական դաստիարակություն են տալու նոր սերնդին:
Կարդացեք նաև
Ուսումնարանի տնօրեն Գրիգոր Մկրտչյանն ասաց, որ իրենք պահել են Տիգրանի իրերը, նրա ձեռագրերով գրված տետրերը, նրա գրիչը…
Տնօրենը, փառաբանելով Տիգրանին, խնդրեց նրա մայրիկին՝տիկին Գոհարին գալ ու աշխատել որդու ավարտած ուսումնարանում, որպեսզի կապը ավելի սերտ լինի հերոսի ընտանիքի հետ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ