«Ընդամենը քննարկման կամ քննարկման առարկա լինելու հնարավորության մասին է ասվել, եւ այլ մեկնաբանություն չեմ կարող անել, քան նախարարի հայտարարությունն է»,- մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, ասաց էկոնոմիկայի նախարարության Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման վարչության պետ Արամ Օհանյանը:
Նա որպես օրինակ բերեց «Նաիրիտ» գործարանը. «Նաիրիտը» մեկն էր մեր տնտեսության մեջ, բնականաբար, նա մենաշնորհային դիրք ուներ ու մենաշնորհ էր: Հարց՝ արդյոք մենք վերացնե՞նք «Նաիրիտի» նման գործարանը, համարելով, որ մենաշնորհը վատ է, մենաշնորհ չպետք է լինի: Միանշանակ՝ ոչ, որովհետեւ չէր կարող լիներ, ասենք՝ 2-3 կամ 4 հատ «Նաիրիտի» նման ընկերություն կամ «Նաիրիտի» նման խոշոր տնտեսվարող սուբյեկտ: Դա ակնհայտ է, եթե խնդրին անդրադառնում ենք այս ուղղությամբ»:
Նա նաեւ նշեց, որ ոչ մեկն այս պահին չի խոսում շաքարի մենաշնորհը օրենքով ամրագրելու մասին. «Համաձայն վարչապետի հանձնարարականի՝ ուսումնասիրությունները եւ վերլուծությունները կատարվում են: Դրանց ավարտից հետո՝ նախ կներկայացվեն այն ոլորտները, որտեղ կան մենաշնորհներ, կամ այդ դիրքի չարաշահում, որովհետեւ պետք է ամրագրենք այն, որ բացասական երեւույթներ են հանդիսանում հենց մենաշնորհային դիրքերի չարաշահումները»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ