Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Եսայանը հայ գործարարների հետ քննարկել է Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանման ընդլայնման և իրացման հնարավորությունները

Մայիս 31,2016 14:57

Ս/թ. մայիսի 30-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում հրավիրվել է խորհրդակցություն Հայաստանից Ռուսաստան ապրանքներ արտահանող և ներմուծող երեք տասնյակից ավելի հայաստանյան և ռուսաստանյան ընկերությունների ղեկավարների և ԵԱՏՄ-ում ու ԱՊՀ տնտեսական խորհրդում ՀՀ ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությունը նպատակ է հետապնդել քննարկելու շահագրգիռ կազմակերպությունների, այդ թվում նաև՝ դեսպանության անելիքներն՝ ուղղված ամառային ամիսներին դեպի Ռուսաստան հայաստանյան ապրանքների, առաջին հերթին՝ գյուղամթերքների արտահանման ծավալների աճին և ռուսաստանյան շուկայում դրանց արդյունավետ իրացմանը:

Իր բացման խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ընդգծել է Հայաստան-Ռուսաստան առևտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը և արդեն իսկ գործող ինտեգրացիոն ձևաչափերում առկա հնարավորություններն ու ռուսաստանյան շուկայում հայկական ապրանքների նկատմամբ բարձր պահանջարկն ու արտահանման ծավալների աճի ապահովման անհրաժեշտությունը:

Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանի՝ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առավել խորացումը կնպաստի հայ-ռուսական փոխգործակցության ամբողջական համակարգի զարգացմանը:

Իր հարցադրումներում դեսպան Եսայանը հատուկ անդրադարձ է կատարել ռուսաստանյան շուկայում հայկական ապրանքների ծավալների աճի գործում, դրանց գովազդի ու անհրաժեշտ տեղեկատվության տարածման շուրջ աշխատանքների ակտիվացման, գնային քաղաքականության և երկու երկրների միջև առևտրաշրջանառության վերաբերյալ լիարժեք վիճակագրության կարևորությանը:

Խորհրդակցությանը ներկա գործարարներն իրենց տեսակետներն են հայտնել արտահանման արդյունավետ կազմակերպմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես՝ արտահանման գործողությունների տեխնիկական բարելավումը, ԵԱՏՄ շրջանակներում ընձեռվող հնարավորություններից օգտվելու կարևորությունը, Ռուսաստան ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի չեղարկումը, ռուբլիով փոխադարձ հաշվարկների իրականացնելու հնարավորությունը, արտահանման ոլորտում գործող ընկերությունների համար վարկավորման նոր ծրագրերի նախաձեռնումն ու ռուսաստանյան շուկայում հայկական ապրանքների տարածման հարցում պետական աջակցության ապահովումը:

Հայ-ռուսական առևտրային կապերի շուրջ ամփոփ ելույթով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ առևտրի ներկայացուցիչ Կարեն Ասոյանը: Խորհրդակցությանը ԵԱՏՄ-ի շրջանակներում հայկական ապրանքների արտահանման հարցերի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել ԵՏՀ մաքսային և սակագնային կարգավորման վարչության տնօրեն Գագիկ Քոչարյանը:

Ելույթներով հանդես են եկել նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Մակար Նահապետյանը, Ռուսաստանի սոմելյեների և գինու փորձագետների միության նախագահ Արթուր Սարգսյանը, “Յան” և “Սիս Նատուրալ” ընկերությունների ռուսաստանյան ներկայացուցիչ Յուրի Բաղդասարյանը, “ԷկոԿոսմետիկա” ընկերության ռուսաստանյան ներկայացուցիչ Իրինա Սկրյաբինան և այլք:

Նշենք, որ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ոլորտում աշխատող գործարարների հանդիպման արդյունքների և հնչեցված դիտարկումների հիման վրա կկազմվի վերլուծական տեղեկանք՝ ՀՀ շահագրգիռ մարմիններին ներկայացնելու նպատակով:

ՌԴ-ում ՀՀ դեսպանության
Մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031