Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու հաղթանակների իրավիճակ»

Մայիս 31,2016 14:28

«Երկու հաղթանակների իրավիճակ»,- այսպես է բնութագրում «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը`ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը:

Այսօր շարունակվող «Կովկաս 2015» միջազգային գիտաժողովի ժամանակ խոսելով ԼՂՀ խնդրի, քառօրյա պատերազմի եւ դրանից հետո խնդրի կարգավորման առումով առաջացած իրավիճակի մասին, քաղաքագետը նկատեց, որ պատերազմի արդյունքում թեեւ եւ Ադրբեջանը, եւ Հայաստանը հաղթանակած դուրս եկան, բայց այդ հաղթանակների մեջ որակական տարբերություն կա:

Ադրբեջանը հասարակական շրջանակներում, արտաքին շուկայում ներկայացրեց, որ հաղթանակ է տարել, տարածք է գրավել, էյֆորիա ապրեցին, քանի որ վերջին 22 տարում առաջին անգամ կռվեցին ու հաղթեցին, որոշակի քանակի հող գրավեցին, բայց գրավեցին «մի կարտոֆիլի դաշտին հավասար հող. ոչ մի բնակավայր, ոչ մի գյուղ»:

Հայաստանի հաղթանակն էլ քաղաքագետը համարում է այն, որ ժամկետային զինծառայողները կռվեցին ադրբեջանական հատուկ պատրաստություն անցած եւ լավ զինված ջոկատների դեմ եւ մեծ հաշվով, համադրելով ադրբեջանական բանակի մարդկային, զինտեխնիկայի կորուստները, իրենց գրաված «կարտոֆիլի դաշտի» հետ, ստացվում է, որ Հայաստանն է հաղթել:

Sergey Markedonov Sergey Minasyan 1Ռուսաստանի հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր Սերգեյ Մարկեդոնովն էլ կարծիք հայտնեց, որ ապրիլյան էսկալացիան անակնկալ չէր,  նման կարծիք կարող է հայտնել միայն մարդն, որը ծանոթ չէ խնդրին. «2008-ի մարտից է էսկալացիան զարգանում»:

Քառօրյա պատերազմից հետո քաղաքագետը միակ էական հարցը համարում է այն, թե ի՞նչ փոխվեց դրա արդյունքում եւ արձանագրում. «Ռազմական էսկալացիայի փոփոխություն եղավ, բայց ռազմավարական  կամ բանակցային գործընթացում էական փոփոխություն չեղավ»:

Ղարաբաղյան թնջուկում նա ուշագրավ է համարում այն, որ բանակցային գործընթացը չի բացառվում ընդհանրապես, այն ուղեկցվում է ռազմի դաշտում «ինչ-որ փորձարկումներով»: Նա հիշեցնում է 2008-ից`ռազմական էսկալացիայից ի վեր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բոլոր հանդիպումները, բանակցությունների փորձերը եւ արձանագրում, որ ապրիլյան ամենամեծ ռազմական թեսթավորման արդյունքում ԼՂՀ-ի կարգավիճակը չփոխվեց որեւէ կերպ`ճանաչում չստացավ, մասնակի չճանաչվեց, բայց 1995 թվականի սերբական նախադեպն էլ չեղավ: Նկատի ունի, որ ԼՂՀ-ն Ադրբեջանին չկցվեց եւ իբրեւ սուբյեկտ ոչնչացվեց: Ավելին, խնդրի կարգավորման հիմնական սկզբունքներն էլ չեն փոխվել, դրանք անընդհատ տրանսֆորմացվող եւ բոլորին հայտնի սկզբունքներն են դեռ`տարածքային ամբողջականության պահպանման, ինքնորոշման եւ ուժի կիրառման բացառման:

Սերգեյ Մարկեդոնովի դիտարկմամբ, ԼՂՀ կոնֆլիկտը եւ դրա կարգավորումը նաեւ դեռեւս Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ հակամարտության հարթակ չէ, թեեւ շահերը բավական տարբեր են: «Լավրովի ծրագիր գոյություն չունի: ՌԴ-ի արտաքին քաղաքականությունը որոշում է ոչ թե Սերգեյ Լավրովը, այլ ուրիշ մարդ, ում անունը հավանաբար բոլորդ գիտեք: Հետեւաբար, որոշակի ծրագիր կա, բայց այն Լավրովինը չէ եւ Լավրովը չի կարող այն ներկայացնել: Բայց ուշադրություն դարձրեք, որ Լավրովի այցից առաջ եւ հետո ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության բոլոր հայտարարություններում փաստվում էր, որ դրանք համաձայնեցված են մյուս համանախագահների հետ: Այսինքն, դա բացառապես Մոսկվայի նախաձեռնությունը չէր»,- ասաց Սերգեյ Մարկեդոնովը:

Մոսկվայի նախաձեռնողականության տիրույթում քաղաքագետը հատուկ ընդգծում է, որ ապրիլին, երկու կողմերի միջեւ կրակի դադարեցման մասին ԶՈՒ Գլխավոր շտաբի պետերի ձեռք բերված պայմանավորվածությունը տեղի ունեցավ հենց ՌԴ-ում. «Այս հարցում ՌԴ-ն կայուն մոդերատորի դեր է ստանձնել, ինչը մենք չենք տեսնում Աբխազիայում, Դոնբասում կամ մեկ այլ տեղ: ՌԴ-ի`մոդերատորի դերակատարումը եւս բոլորի կողմից ընկալվում է»: Քաղաքագետը նաեւ հիշեցնում է, որ կոնֆլիկտի տարբեր էսկալացիոն փուլերում մշտապես ՌԴ-ի միջնորդությամբ են լուծումներ գտնվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031