Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Իհսան Շեներն անդրադարձել է 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում քվեարկության դրված Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։ Այս մասին տեղեկացնում է «Ստամբուլ» լրատվական գործակալությունը։
Շեների խոսքերով՝ Հայկական հարցը հին միջոց է, որով տարբեր ժամանակներում փորձել են ճնշել Թուրքիային։ Էրդողանի գլխավոր խորհրդականը կոչ է արել Գերմանիային չտրվել հայկական սփյուռքի խաղերին։
Արտահայտվելով Գերմանիայի խորհրդարանում հայտնված նախագծի մասին՝ Շեներն ասել է. «Պատմական դեպքերի վերաբերյալ վճիռ են կայացնում ոչ թե խորհրդարանները, այլ պատմաբանները։ Չկա Հայոց ցեղասպանությունը հավաստող որևէ փաստ, միայն զրպարտություններ են»։
Շեների պնդմամբ՝ նմանատիպ նախագծերն ի հայտ են գալիս, որովհետև ոմանք անհանգստացած են վերջին 14 տարիների ընթացքում Թուրքիայի աննախադեպ զարգացումից և, օգտագործելով նման նախագծերը, փորձում են ճնշել Թուրքիային՝ չնայած որևէ մեկին չի հետաքրքրում Հայկական հարցը։