Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բիլանի Յըլդըրըմի հետ և շնորհավորել նրան՝ այդ երկրի կառավարության ղեկը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Sozcu.com լրատվական կայքը։
Կայացած հեռախոսազրույցի ընթացքում Անգելա Մերկելը նշել է, որ Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններն ու համագործակցությունը բազմակողմանի բնույթ են կրում և հույս հայտնել, որ առաջիկայում դրանք էլ ավելի կխորանան։
Վարչապետ Յըլդըրըմը շնորհակալություն է հայտնել Մերկելին՝ շնորհավորանքների համար և առիթը օգտագործելով՝ Մերկելին է հայտնել Թուրքիայի և թուրք ժողովրդի անհանգստությունը 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության դրված Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի վերաբերյալ։ Յըլդըրըմն ասել է, որ այս հարցում իրենք ողջամիտ դիրքորոշում են ակնկալում Գերմանիայի կառավարությունից և խորհրդարանից։