Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղը մյուս օրը այլ ոլորտներ էլ կհայտարարեն, որ մենաշնորհներ են հռչակվում». Վարուժան Հոկտանյան

Մայիս 31,2016 12:54

«Մինասյանի ասածները լավատեսություն չեն ներշնչում: Երբ բացում ես «սողանցք», կարող է վաղը մյուս օրը այլ ոլորտներ էլ հայտարարեն, որ մենաշնորհներ են հռչակվում: Հայտարարությունը, թե այդ կերպ շաքարի գները կարող են կարգավորվել, կարող է հանգեցրել նրան, որ խանութները դատարկվեն: Գների կարգավորումը կարող է բերել «դեֆիցիտի»: Գները պետք է կարգավորել այնպես, որ ձեռնտու լինեն ներկրողին: Սխալ է կարծել, թե առանց ճիշտ տնտեսական մոդելի` հնարավոր է պայքարել կոռուպցիայի դեմ»,-այսօր` մայիսի 31, «Բլից Ինֆո» մամուլի ակումբում անդրադառնալով Արծվիկ Մինասյանի` «մենաշնորհատերերի» մասին արված հայտարարությանը, ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հայաստանյան հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Հիշեցնենք, որ նախարարը վարչապետի հանձնարարականով ուսումնասիրել է մենաշնորհված ապրանքների շուկաները, ասել, որ կարձագանքի, եթե խոչընդոտեն, օրինակ, շաքարավազ ներկրել ցանկացողին: Ավելի վաղ վարչապետը հանձնարարական էր տվել էկոնոմիկայի նախարարին` կազմել հուշաթերթ, որպեսզի բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկրումով զբաղվել, պարզ լինի, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

«Մենաշնորհների վերացումն ինքնանպատակ չպետք է լինի, հարց է առաջանում` ի՞նչ անել մենաշնորհների հետ: Հուսանք, որ այդ մասին Մինասյանը կներկայացնի իր հետեւությունները: Մենաշնորհների վերացման ուժային ձեւը Հայաստանում չի ստացվի, մյուս տարբերակն էլ ազատ մրցակցության ապահովումն է»,- կարծում է Վարուժան Հոկտանյանը:

Նրա խոսքով` երեք շաբաթում կոռուպցիան «սատկացնելու» հույսերն անիմաստ են, քանի որ կոռուպցիան նախապատմական հիմքեր ունի. «Վերջերս պարզվեց, որ առաջին կոռուպցիոն գործարքը տեղի է ունեցել Պալմիրայում: Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվեց մի սալիկ, որտեղ գրված է` «ում որքան կաշառք է տրվել»: Այդ սալիկը չորս հազար տարեկան է: Ենթադրաբար, Հայաստանում կոռուպցիան ուրարտական ժամանակներից է եղել»:

Հոկտանյանի գնահատմամբ` Հայաստանում տարբեր տարիներին ստեղծված հակակոռուպցիոն կառույցները լուրջ արդյունք չեն տվել, քանի որ կոռուպցիայի ցուցանիշն անփոփոխ է եւ լճացված վիճակում. «Հակակոռուպցիոն բնույթի մի շարք օրենքներ ընդունելուց բացի՝ մի կարեւոր խնդիր մնում է չլուծված. փոփոխությունները կյանքի չեն կոչվում, օրենքները մնում են թղթի վրա, մինչդեռ պետք է պատասխանատվություն կրեն այն պաշտոնատար անձինք, որոնց «ջանքերով» այդ հակակոռուպցիոն օրենքներն ու որոշումները մնացել են թղթի վրա»:

Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի` հայաստանյան կոռուպցիայի պատճառներից է քաղաքական եւ տնտեսական մոնոպոլիզացիան, որի դրսեւորումները բավականին վտանգավոր են. «Պետության «զավթումն» ավելի վտանգավոր է, քան կաշառակերությունը, որովհետեւ որոշ ֆինանսատնտեսական հզոր խմբավորումներ օրենքներ են թելադրում` իրենց տնտեսական շահերի օգտին: Խոսքը ֆինանսատնտեսական զավթման մասին է: Քաղաքական եւ տնտեսական վերնախավերի սերտաճման արդյունքում խոշոր բիզնեսմենները դառնում են պատգամավորներ եւ նախարարներ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031