Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է այդ երկրի արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Նախարար Չավուշօղլուն անդրադարձել է նաև Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին՝ քննադատության ենթարկելով եվրոպական այդ կառույցին։ Նրա խոսքերով. «Եվրամիությունը պետք է հասկանա, որ Թուրքիայի հետ գործընթացը չի կարող այսպես շարունակվել։ Ահա տեսեք՝ ինչպես վերաբերվեցին (նկատի ունի Եվրամիությանը,-խմբ.) Ուկրաինային. կա´մ իմն ես, կա´մ ոչ, սա է։ Վրաստանին հասցրին նրան, որ այդ երկիրն երկու շրջան կորցրեց։ Եվրամիությունը պետք է հրաժարվի նման մոտեցումից»։
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հայտարարությանը, թե Թուրքիան կարող է Եվրամիության անդամ դառնալ 3000 թվականից ոչ շուտ։ Ուշագրավ է, որ Չավուշօղլուն չի քննադատել Քեմերոնին այս հայտարարության համար՝ ասելով. «Իրականում նա այդպես չի մտածում, որովհետև Անգլիան մեզ մշտապես աջակցել է»։