Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մասնակցել է Աստանայում կայացած «Կրոններն ընդդեմ ահաբեկչության» խորագրով գագթնաժողովին, որի ընթացքում ելույթ է ունեցել համաշխարհային ահաբերկչության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Նազարբաևը իր մտահոգություններն է հայտնել աշխարհում մոլեգնող ահաբեկչությունից։ Անդրադառնալով այս թեմային՝ Ղազախստանի նախագահն ասել է. «Միջազգային հանրությունը դեռևս չի հայտնաբերել մեկ միասնական լուծում, որը կօգներ վերջ դնել ահաբեկչության սպառնալիքին։ Այսօր ահաբեկչության սպառնալիքները ամբողջովին փոխել են մեր պատկերացումները համաշխարհային անվտանգության մասին։ Ահաբեկչությունը չի ընտրում սահմաններ, չի բաժանում պետությունները աղքատների և հարուստների»։
Նազարբաևը կոչ է արել համաշխարհային հանրությանը համատեղ ջանքերով պայքարել աշխարհում մոլեգնող այդ չարիքի դեմ. «Խիստ կարևոր է մեր ջանքերն ուղղել ահաբեկչության գաղափարախոսությունը վերացնելուն»։ Նախագահ Նազարբաևը հույս է հայտնել նաև, որ Աստանայում կայացած այդ գագաթնաժողովը որոշակիորեն կնպաստի ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարի գործին։