Երեկ Լյուքսեմբուրգում ԵԺԿ 40-րդ տարեդարձի կապակցությամբ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցելուց հետո Սերժ Սարգսյանն այսօր կմասնակցի Աստանայում ԵՏՄ-ի գագաթնաժողովին, ու նաև սպասվում է, որ կհանդիպի Պուտինի հետ: Հայաստանն այսպես Եվրոպայից Ռուսաստան նետվում է պինգ-պոնգի գնդակի նման: Եվրոպայի ուղղությամբ որևէ բան անելուց հետո Հայաստանն անպայման նետվում է Ռուսաստանի «խաղադաշտ»: Ընդ որում՝ այս պինգ-պոնգի առանձնահատկությունն այն է, որ գնդակը ինքն է իր կամքով նետվում աջ ու ձախ, համենայնդեպս, այդպես է ներկայացվում պաշտոնապես:
Մի քանի տարի առաջ կամ ավելի շուտ` մինչև 2008 թվականը, սա կոչվում էր քոմփլեմենթարիզմ կամ փոխլրացում, 2008-ից հետո սկսեց կոչվել նախաձեռնողականություն, իսկ ընդհանուր առմամբ սա, ըստ էության, անողնաշարություն է՝ անողնաշար արտաքին քաղաքականություն: Եվ ոչ այն պատճառով, որ Հայաստանը հարաբերվում է թե՛ Եվրոպայի, Եվրամիության, թե՛ Եվրասիայի, Ռուսաստանի հետ: Պետք է հարաբերվել բոլոր հնարավոր ուղղություններով: Պարզապես, այդ հարաբերությունը չպետք է լինի պինգ-պոնգի նման՝ մեկ այս, մեկ այն դաշտ:
Սակայն, երբ ակնհայտ է, որ եվրատլանտյան ուղղությամբ կատարվող ամեն մի քայլից հետո անպայմանորեն կատարվում է քայլը եվրասիա-ռուսական ուղղությամբ, խոսել հավասարակշռության վերականգնման մասին, մեղմ ասած, դժվար է: Ըստ այդմ՝ մնում է եզրակացնել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի համապատասխանում Հայաստանի անվտանգության ներկայիս նվազագույն պահանջներին, այսինքն՝ Հայաստանի քաղաքական շահը սպասարկվում է, մեղմ ասած, թերի և լուծվում են ոչ թե պետական ռազմավարական խնդիրներ, այլ իշխանական կոնյունկտուրայից բխող հարցեր:
Մուսա Միքայելյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում