Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխանատվության ժամանակը

Մայիս 31,2016 10:24

Ինչպես հայտնի է, կոռուպցիայի դեմ պայքարը երեք բաղադրիչ ունի. ա/ կանխարգելում, օրենսդրական համապատասխան բազայի ստեղծում, բ/ օրենքի իշխանություն, մեղավորների անվերապահ պատժում, գ/ հասարակական անհանդուրժողականություն այդ երեւույթի հանդեպ:

Առաջին ուղղությամբ 2000-ականներից սկսած՝ ինչ-որ բաներ արվում են, բայց այդ «միջոցառումները» կրում են «կամպանիայի» բնույթ, մոտավորապես՝ «կոռուպցիայի դեմ պայքարի միամսյակ»: Երկրորդ եւ երրորդ կետով ոչինչ չի արվել: Հասարակական ընկալումը միայն առաջին հայացքից է անհանդուրժողական՝ «վայ ես դրանց, թալանեցին, կերան երկիրը», բայց երբ այդպես ասողին նվազագույն հնարավորություն է տրվում որեւէ բան թալանելու, նա նույնն է անում մեծագույն հաճույքով՝ «ընտանիք է պահում»:

Պատասխանատվության հարցում նույնպես առաջընթաց չկա: Հիշում եմ, երբ 1998-ին Ռոբերտ Քոչարյանն էր իշխանության եկել, խոսակցություն էր գնում այն մասին, որ հիմա նոր իշխանությունը կպատժի եւ ճաղերից այն կողմ կուղարկի «ՀՀՇ-ական բոլոր թալանչիներին»: Բայց ՀՀՇ-ականները, որոնցից շատերն իսկապես սուրբ չէին, թալանի առումով պարզապես մանկապարտեզի երեխաներ էին նրանցից հետո եկողների համեմատ: 98-ից հետո կոռուպցիան ձեռք բերեց համակարգված, ինստիտուցիոնալ բնույթ:
Եվ այդ առումով մտքեր են առաջանում ընդհանրապես պատասխանատվության մասին, ոչ միայն կոռուպցիայի, այլեւ բոլոր մնացած հարցերում: Դա, ի վերջո, նույնպես հասարակական խնդիր է: Ռուսական, իսկ այնուհետեւ խորհրդային կայսրության մեջ ապրելով՝ մենք՝ այսօրվա հայաստանցիներս, գենետիկորեն սովոր ենք «կոլեկտիվ անպատասխանատվության» մշակույթին: Ռուսական պետությունը դեռեւս նախապետրոսյան ժամանակներից ավանդաբար հիմնված է «համայնքային մտածողության» վրա. ես կարող եմ լավ կամ վատ աշխատել համայնքում (կոլխոզում), միեւնույն է՝ հաշվետու եմ ոչ թե անձամբ ես, այլ համայնքը, եւ իմ լավ կամ վատ աշխատանքը «սվաղվում է» այդ կոլեկտիվ արդյունքի մեջ:

Այդ մտածողության «ռուդիմենտները» կան նաեւ այսօր՝ «ախ, ինչ լավ էր սովետի ժամանակ, նստած էինք մեզ համար գիտահետազոտական ինստիտուտում կամ կոնստրուկտորական գրասենյակում եւ ստանում էինք մեր 120 ռուբլին»: Կամ՝ «ի՜նչ հրաշք էր, որ «Երազ» էինք արտադրում»: Ոչինչ, որ այդ «Երազը» մինչեւ Սեւան էր հասնում՝ փչանում էր. շարժիչն ու բոլոր մնացած մասերը գալիս էին խորհրդային երկրի տարբեր ծայրերից, այստեղ մենք միայն հավաքում էինք, բայց քանի որ գողանում էինք այդ մասերը, «Երազը» հեռու չէր գնում: Իսկ կոնկրետ ով էր գողանում՝ դժվար էր ասել. երեւի, իրենց չափով՝ բոլորը:

Հիմա եկել է անհատական եւ պետական մակարդակով բոլորովին այլ մտածողության ժամանակը: Եթե ես առողջ եւ չափահաս մարդ եմ, ապա իմ կացության, իմ աշխատանքի արդյունքների, իմ կյանքի պայմանների, իմ անձնական երջանկության կամ դժբախտության համար միայն ես եմ պատասխանատու: Եթե ես ապրում եմ պետությունում, ապա դրա մեխանիզմների գործելու կամ չգործելու համար, ի վերջո, դարձյալ ես եմ պատասխանատու: Եթե ես դժգոհ եմ պետության «մենեջմենթից», ապա պիտի փոխեմ «մենեջերներին»: Իսկ եթե չեմ կարող փոխել՝ դա էլ է իմ մեղքը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. es em says:

    Շնորհակալություն:
    Տեղ չհասավ միայն “երևի բոլորն էին թալանում (իրենց չափով)” միտքը:
    Շատ-շատերն էին թալանում, բայց ՀԱՍՏԱՏ ոչ բոլորը:

  2. Տիգրան says:

    Եթե ես դժգոհ եմ պետության «մենեջմենթից», ապա պիտի փոխեմ «մենեջերներին»: Իսկ եթե չեմ կարող փոխել՝ դա էլ է իմ մեղքը:

    Բա ո՞նց փոխենք: Ու եթե չեմ կարող, (իսկ ես միայնակ, հաստատ չեմ կարող), ապա ո՞րն է իմ մեղքը:

  3. Ruben says:

    «98-ից հետո կոռուպցիան ձեռք բերեց համակարգված, ինստիտուցիոնալ բնույթ:»
    1992-ից ՀՀՇ-ական կոռուպցիայի շտաբի բաղադրիչ, թալանչի սերժանտը`
    1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար,
    1996-1999 թվականներին` ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար,
    1999 թվականին` ՀՀ ազգային անվտանգության նախարար…
    Դա ու՞մ մեղքն է:

  4. Հ.Շ. says:

    Խմբագրականի հիմնական նիւթը անհատական պատասխանատվութիւնն է:

    Կաշառակերութեան պարագային, ընդունելի կրնայ ըլլալ այն կարծիքը թէ անհատական պատասխանատվութիւնը հարաբերական է, եւ լաւագոյն վարկածով անգամ՝ մինակ այդ ըմբռնողութեամբ չի լուծվիր խնդիրը: Հենց այս պատճառով ալ արդէն Խմբագիրը նշած է թէ այս կէտը ամբողջացնող այլ ազդակներ ալ կան, որոնց կարգին օրէնքի կերառումը, եւայլն.

    Սակայն անհատական պատասխանատվութեան տարրական ըմբռնողութեան պակասը, չգոյութիւնը, Հայաստանում, միայն կաշառակրեութեան չի վերաբերիր, այլ լայնատարած խնդիր է, բազմաթիւ ու բազմատեսակ ոլորտներում:

    Պարզ – սակայն յատկանշական – օրինակ մը՝

    Երեւանում կան բազմաթիւ, մեծ շէնքեր,
    ուր մարդիկ կը բնակին, հարկաբաժինների մէջ:

    Անհատական բացառեալ սեփականութիւն հանդիսացող հարկաբաժինները բոլորն ել լաւ վիճակի մէջ են: Լաւ պահպանուած, կանոնաւորապէս վերանորոգուած, միշտ մաքուր եւ ներկայանալի:

    Սակայն հասարակաց սեփականութիւն կազմող, բոլորին պատկանող, շէնքի մնացեալ բաժինները, ընդհանրապէս վատ վիճակի մէջ են: Ուղղակի լքուած վիճակում են: Շէնք մտնողը, վերելակ առնողը կամ աստիճանները բարձրացողը, չի կրնար երեւակայել թէ որքան տարբերութիւն կայ այդ հաւաքական բնակարանի հասարակաց բաժիններին եւ անհատական միավորների միջեւ:

    Նորմալ աշխարհում, հարկաբաժինների սեփականատէրերը քով-քովի կու գան, ժողով կ’անեն, մեծամասնութեան կամքով, քուէարկութեամբ, կ’որոշեն թէ ի՞նչ գործեր են հարկաւոր՝ պահպանելու եւ ներկայանալի դարձնելու համար շէնքին մուտքը, աստիճանները, վերելակը, անցքերը, տանիքը, ընդհանուր լուսամուտերը, եւ այդ ուղղութեամբ ճշտված ծախսը կը բաժանուին իրարու միջեւ, ամէն մէկը իր անհատական հարկաբաժնի չափի համեմատութեամբ:

    Եւ ոչ թէ, օրինակի համար, կամայականօրէն՝ մէկը միայն իր հարկաբաժնի առջեւի լոյսերը սարքէ կամ պատերը նորոգէ ու ներկէ, մինչ միւս հարկերը կը մնան մութի մէջ, կինոյի վախնալիք ֆիլմերու յարմար պատերով…

    Այս մօտեցումը կամ բնաւ չկայ, կամ ել չափազանց հազվադէպ է, Հայաստանում: Ա՞յս ալ կառավարութեան յանցանքն է, արդեօք… Խօսում ենք անշուշտ ոչ-սովետական կարգերի մասին…
    Անշուշտ, եթէ անհատական թերացման – եւ անհատապաշտութեան – «կապը» Պետութեան հետ պիտի հաստատվի այն «տրամաբանութեամբ» թէ՝ վա՜յ, այդ ամէնը ինչ օգո՜՜ւտ, մեր ինչի՞ն է պէտք, այսպիսի կառավարութեամբ մը, արդէն երկիր չկայ բան չկայ, շէնքն ալ թող մնա իր վիճակին մէջ, ճիշտ պատկերն է տալիս մեր մռայլ եւ անյոյս ճակատագրին, եւայլն… ուրեմն, շատ լաւ… Թող հաւաքական բնակարաններն ալ մնան այդ վիճակին մէջ… Այդ շէնքերում մեծացող լոյսի նման երեխաներին ալ մանկութեան յիշատակները կը դրոշմվին այդ անցքերուն մթութեամբ, այդ պատերուն անճոռնիյութեամբ, եւ այդ տեսակ ծնողների անդադար գանգատներով…

    Խմբագիրը լաւապէս մատը դրած է այս խնդրի պատճառին վրայ, ակնարկելով սովետական ժամանակներին:

    Արդարեւ, ինչպէս որ, Պետական մակարդակի վրայ՝ Անկախութեան կամ Գերիշխանութեան յղացքները տակաւին աշխատանքի կը կարօտին, նաեւ կենսական կարիքը ունենք նոյնանման գործընթացի, հոլովոյթի՝ անհատական մակարդակի վրայ: Եւ եթէ մեզմէ շատերս շատ բան չենք կարող անել, առաջինի կապակցութեամբ, բոլորս ալ վստահաբար կարող ենք ամէն բան անել, երկրորդ խնդիրը լուծելու համար:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031