Ըստ Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի իրականացրած ուսումնասիրությունների տվյալների` Հայաստանում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համակարգից դուրս է մնացել ծայրահեղ աղքատ ընտանիքների կեսից ավելին, մինչդեռ նպաստառուների գրեթե 44 տոկոսը աղքատ չէ:
Վերջերս կենտրոնը` «Օքսֆամ Հայաստան» գրասենյակի հետ համատեղ, ներկայացրել է «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» եւ «Սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» բյուջետային ծրագրերի անկախ գնահատման արդյունքները, որոնց համաձայն այդ ծրագրերը մեզանում հասցեական չեն եւ սպասելի արդյունավետությամբ չեն իրականացվում:
«Օքսֆամ Հայաստան» գրասենյակի տնօրեն ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ նշում է, որ այդ ծրագրերի իրականացման համար տրամադրվող ռեսուրսները անարդյունավետ են օգտագործվում, ուստի ծրագրերը սպասված արդյունքները չեն տալիս . «Համակարգում մեծ է ինչպես ընդգրկման, այնպես էլ չընդգրկման սխալը: Այդ են վկայում թե՛ 2014թ. տնային տնտեսություններում կատարված հետազոտությունների արդյունքները, թե՛ 2015թ. հետազոտությունների տվյալները:
Եթե որպես համակարգի շահառուներ դիտարկենք բոլոր աղքատներին, ապա չընդգրկման սխալը կկազմի 73 տոկոս, այսինքն` 2015-ին աղքատների 73 տոկոսն ընդգրկված չի եղել համակարգում: Չընդգրկման սխալը շատ աղքատների համար կազմում է 63 տոկոս, իսկ միայն ծայրահեղ աղքատների համար` 56 տոկոս: Այսինքն` ծայրահեղ աղքատների նվազագույնը 56 տոկոսը չի օգտվում նպաստների ծրագրից:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ընդգրկման սխալին, ապա բոլոր աղքատների համար այն 2015թ. կազմել է 43,8 տոկոս, շատ աղքատների համար` 75 տոկոս, ծայրահեղ աղքատների համար` 95 տոկոս: Ասել է թե` համակարգում ընդգրկվածների 95 տոկոսը ծայրահեղ աղքատներ չեն»:
Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում