Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճիշտ չեմ համարում այդ մոտեցումը՝ որ պետք է ինչ-որ մեկից ինչ-որ բան խլել, տալ բանակին». Սուքիաս Ավետիսյան. «Հայոց աշխարհ»

Մայիս 31,2016 08:25

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ

-Ոմանք ոգեւորվել են ունեւորներին ունեզրկելու՝ «կուլակաթափ անելու» գաղափարով. կոչ են անում պատին դեմ տալ «թալանչիներին» եւ ստիպել, որ «մուծվեն»՝ իրենց անաշխատ եկամուտների մի մասը հատկացնեն բանակի տեխնիկական վերազինմանը եւ արդիականացմանը։ Սա հարցի լուծո՞ւմ է, ձեր կարծիքով։

-Դրանք վտանգավոր կոչեր են։ 1991թ. հռչակելով մեր անկախությունը, հիմքում դրել ենք ազատ շուկայական հարաբերությունները, ուրիշ բան, որ ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում որոշ մարդիկ, օգտվելով իշխանության թողտվությունից, կարողացել են ինչ-որ ձեւով շրջանցել օրենքները։

Բայց այսօր խոսել կուլակաթափ անելու մասին, «գույքագրում» անել, թե ով վերջին 25 տարվա ընթացքում ինչ է արել, ով ինչ ձեւով է հարստացել, կարծում եմ, սխալ է։ Մարդիկ, որոնք որոշակի ներդրումներ են արել Հայաստանում, բիզնես են զարգացրել, աշխատատեղեր ստեղծել, կմտածեն՝ արժե՞ այստեղ տնտեսական գործունեություն ծավալել, եթե պետությունը չի կարողանում ապահովել այդ ներդրումների անձեռնմխելիությունը։ Նման պետությունը վստահություն չի ներշնչի ո՛չ իր քաղաքացիներին, ո՛չ էլ առավել եւս արտասահմանյան ներդրողներին։

Ճիշտ չեմ համարում նաեւ այդ մոտեցումը՝ որ պետք է ինչ-որ մեկից ինչ-որ բան խլել, տալ բանակին։ Մեր բանակը դրա կարիքը չունի՝ մեզ պետք է ունենալ զարգացած տնտեսություն, համապատասխան պետական բյուջե եւ բանակի կարիքները հոգալ պետական միջոցներով։

Իհարկե, չեմ բացառում, որ աշխարհասփյուռ հայությունը հարկ եղած դեպքում սատար կանգնի բանակին, ինչպես եղավ ապրիլյան իրադարձություններից հետո։ Բայց այդ ամենը պետք է արվի կամավոր հիմունքներով, ոչ թե՝ մեկ-երկու հոգուց խլենք, տանք բանակին, 10-12 հոգու էլ վանենք Հայաստանից։

 -«Մենք ենք տերը մեր երկրի» հասարակական նախաձեռնությունը նույնիսկ պաշտոնատար անձանց եւ «օլիգարխների» 50 հոգանոց ցուցակ էր հրապարակել, որոնցից յուրաքանչյուրը պետք է 5 միլիոն դոլար «մուծվեր» բանակի կարիքները հոգալու համար։

-Ծանոթ եմ այդ ցուցակին։ Այնտեղ հայտնվել էին մարդիկ, որոնց անվան դիմաց այնպիսի աստղաբաշխական թվեր էին գրված՝ իրենք էլ էին զարմացել, որ այդքան հարուստ են։ Ամեն դեպքում պետք է շատ զգույշ լինենք նման հարցերում, եւ նույն հասարակական կազմակերպություններն էլ պետք է իրենց հաշիվ տան՝ այդ նախաձեռնությամբ հանդես գալով օգո՞ւտ են տալիս, թե՞ վնաս, նպաստո՞ւմ ապագային միտված մեր ծրագրերի իրականացմանը, թե՞ հակառակը։

Չէ՞ որ ե՛ւ Սփյուռքի մեր հայրենակիցները, ե՛ւ օտարերկրյա ներդրողները, որոնք ուզում են գործ դնել Հայաստանում, բացի նրանից, որ ուսումնասիրում են տվյալ երկրի օրենսդրական դաշտը, նաեւ հետեւում են հասարակության արձագանքին՝ մթնոլորտը որքանո՞վ է նպաստավոր ներդրումներ անելու համար։ Այդ առումով պետք է շատ զգուշավոր վերաբերվենք նմանատիպ նախաձեռնություններին։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031