Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը Գարեգին Նժդեհի արձանի մեջ այնքան Նժդեհ չի փնտրում, որքան հուշակոթող. «Դրա համար չեմ ուզում շատ խստորեն մոտենալ՝ իսկ ինչո՞ւ է ձեռքն այսպես, ինչո՞ւ է գլուխը նման Պետրոս Առաջինի գլխին և այլն։ Այս դեպքում ես նայում եմ որպես խորհրդանիշ. Հանրապետական կուսակցության խորհրդանիշն է վերջապես, չէ՞, ես այդպես եմ ընկալում: Եթե շատ փնտրենք որպես քանդակ, պիտի մեկը ասի՝ Պյոտր է, մյուսը… Բաներ կան, որոնց պետք չէ շատ խառնվել ու այդքան մեծ նշանակություն տալ, որովհետև սա մի ասպարեզ է, որը ժամանակի ընթացքում է գնահատական ստանում: Ասում են՝ սարի մեծությունը հեռվից է երևում։ Հիմա, երբ մի բան դրվում է, անմիջապես սկսում ենք գնահատականներ տալ, հետո լռում ենք, ու այդպես դա մնում է»,- «Զարկերակ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լևոն Թոքմաջյանը:
Ըստ նրա՝ արձանները ժամանակի ընթացքում ձուլվում են քաղաքի պանորամայի, միջավայրի հետ. «Գուցե ժամանակ է պետք արվեստագետին հասկանալու համար։ Մենք անմիջապես ուզում ենք քննադատել՝ էս լավն է, էս լավը չէ… Շատ կարճ է այդ ժամանակը, մի քիչ երկար ժամանակ է պետք»,- ընդգծեց նա։
Այնուամենայնիվ, Թոքմաջյանի գնահատմամբ, քանդակագործությունը վերջին տարիներին հետընթաց է ապրում. «Հիշո՞ւմ եք լենինյան հայտնի մոնումենտալ քանդակները, պրոպագանդան երեսնական թվականներին, այդ ժամանակներն անցել են։ Հիմա բոլորիս ցանկությունն է, որ մի քիչ այդ ընթացքը փոխվի, քանդակագործությունը ռեալիզմից դուրս գա, ունենա սիմվոլիկա․ եթե քանդակի մեջ խորհուրդ, սիմվոլիկա չեղավ, այն դառնում է գերեզմանային։ Այդ խորհուրդը ես դեռ չեմ տեսնում:
Գիտե՞ք՝ ինչն է ամենակարևոր բանը։ Քանդակագործը պետք է ճանաչի իր հերոսին: Չի ճանաչում, ուղղակի կարճ ժամանակում, մեխանիկորեն լուսանկարից օգտվելով՝ ստեղծում է։ Մի քիչ էլ հավատի հետ է կապված։ Խորհրդային տարիներին մենք ամեն ինչի հավատում էինք, Սպանդարյանին, Շահումյանին էինք հավատում, ասում էինք՝ էս ինչ բոցաշունչ մարդիկ են, ամեն ինչ անում են հանուն հայրենիքի, հանուն ժողովրդի բարօրության: Իսկ հավատը գիտե՞ք՝ ինչ կարևոր բան է։ Այսօր մենք կարծես թե ոչ մի բանի չենք հավատում»,- եզրափակեց քանդակագործը։
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Թերեւս սա է պատճառը որ Եղեգնաձորի մուտքի Եսայի Նչեցիին քանդակը եւ Երեւանի մէջ Նարեկացիինը երեխաները վախցնելու խրտուիլակի կը նմանի ;