Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է պատասխանել Արծվիկ Մինասյանը օդանավակայանի գների մասին

Մայիս 30,2016 23:20

Այսօր 2015-ի բյուջեի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ Խաչատուր Քոքոբելյանը հարց ուղղեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին՝ ավիատոմսերի գների եւ բաց երկնքի քաղաքականության հետ կապված:

Ներկայացնենք հարցուպատասխանն՝ ամբողջությամբ՝ առանց խմբագրման:

Խաչատուր Քոքոբելյան-Հայաստանում հայտարարվեց բաց երկնքի քաղաքականություն, ի՞նչ տեղի ունեցավ դրա արդյունքում, ի՞նչ վերլուծություն կա: Մենք բոլորս գիտենք ինչ տեղի ունեցավ՝ մի քանի խոշոր ավիափոխադրողներ ՀՀ-ից հեռացան՝ միջազգային մակարդակի խաղացողներ, ՀՀ-ում տոմսերի գինը թանկացավ, անհամեմատելի է մեր հարեւան Վրաստանի հետ: Ես ինքս ազատական լինելով՝ դրա կողմնակից եմ, բայց կարծում եմ իմիտացիայի համար արվեց, որպեսզի լղոզվի, որ ավիացիան ավերվել է, ու Հայաստանը, որպես պատերազմող երկիր, շրջափակման մեջ գտնվող երկիր, բացի էն, որ չունի ազգային ավիափոխադրող, նաեւ որեւէ քայլ չի անում հիմնական ուղղությունների հետ կապված: Էդտեղ ռուսական կոմպանիաների բառացիորեն մոտեցումները, զուտ դեմպինգի հետ կապված, շատ-շատ ռեյսեր հանեցին ՀՀ-ից: Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ ավտոմեքենայով գնում են Վրաստան, Վրաստանից թռչում են Եվրոպա կամ այլ երկրներ: Ի՞նչ է արվել, եւ արդյոք չե՞ք գտնում, որ այդ բաց երկնքի քաղաքականությունը հայտարարելով՝ ավիրվեց այդ դաշտը, գոյություն չունի:

Արծվիկ Մինասյան– Ես հասկանում եմ, որ որպես ընդդիմադիր, պետք է ամեն ինչ ավերվածության  ներքո ներկայացնեք: Ես ինքս ընդդիմադիր եմ եղել, եւ գիտակցում եմ ինչ եմ ասում: Գնահատականները, որ հնչեցնում եք, խնդրում եմ չափելի գնահատականներ տաք, ավերվածության չափման գնահատականը ո՞րն է:

Եթե դուք նկատի ունեք, որ այսօր բաց երկնքի քաղաքականության շրջանակներում մենք ունենք ավելի շատ ավիափոխադրողներ երկրում եւ սպասվում է խոշորագույն օտարերկրյա փոխադրողների մուտք Հայաստան, որի արդյունքում ձեր իսկ կողմից նշված նաեւ գերիշխող դիրք ունեցող ռուսական ավիափոխադրումների համար անհրաժեշտ մրցակցության միջավայր է ձեւավորվելու, ես համաձայն չեմ, որ դա ավերվածություն է:

Ենթակառուցվածքների զարգացման, առհասարակ ավիացիայի բնագավառում շատ լուրջ անելիք մենք ունենք: Ես կարող եմ ձեզ պաշտոնապես ներկայացնել Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում՝ նկատի ունեմ Երեւան, Թբիլիսի, Բաքու քաղաքներում օդանավակայանների գները՝ մեկ օդանավի հաշվով, որի արդյունքում դուք կտեսնեք, որ Հայաստանը ունի առավելություն գների առումով: Հարցը շատ պարզ է, երբ մենք չենք տիրապետում էդ թվերին, կարող ենք հայտարարել:

Խաչատուր Քոքոբելյան– Հնչեցրե՛ք այդ երեք երկրներում տոմսերի գները, ծանոթանանք: Խնդրում եմ իմ հարցը չաղավաղել, դա վիրավորական է, իմ տեղեկացվածությունը դուք չեք որոշում:

Արծվիկ Մինասյան– Եթե դուք հարց եք տվել, թողեք ավարտեմ: Ես խոստանում եմ ձեզ, պարոն Այվազյան, պարոն Քոքոբելյան, հանձնաժողովի բոլոր անդամներ, ներկայացնել ձեզ կոնկրետ թվային տվյալներ: Եթե ես իմանայի, որ էդ հարցը այստեղ կհնչի, որովհետեւ խոսքը գնում է  30 ոլորտների եւ եւս 25 ենթաոլորտների մասին: Ես չէի կարող կանխատեսել, թե ինչ հարց է հնչելու: Դրա համար այսօրվա ընթացքում ձեզ կփոխանցեմ ինֆորմացիա ավիացիայի վերաբերյալ, թե ինչ է կատարվում թե գնային հարաբերակցությունների առումով, եւ թե նաեւ առհասարակ էդ ուղղությամբ արվածների եւ անելիքների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031