Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ի հայկական համայնքն ավելի ազդեցիկ է, քանի ԱՄՆ-ի». ազգագրագետ Արտաշես Բոյաջյան

Մայիս 30,2016 21:12

Aravot.am-ը ազգագրագետ Արտաշես Բոյաջյանից հետաքրքրվեց, թե որո՞նք են ամենամեծ հայկական համայնք ունեցող երկրները ու ո՞ր մի երկրի հայերն են կարողանում հայանպաստ դիրքորոշում ստեղծելու առումով ազդել տվյալ երկրի իշխանությունների վրա: Արտաշես Բոյաջյանի փաստմամբ, տարբեր հաշվարկներով, ամբողջ աշխարհում հայերի թիվը տատանվում է 10-15 միլիոնի, թեեւ, ըստ մեր, զրուցակցի թիվը դրանից էլ է շատ: Ազգագրագետի ներկայացմամբ, նրանցից գրեթե 4 միլիոնը բնակվում է Ռուսաստանում. հայերի թիվը ՌԴ-ում պաշտոնապես 2,5 միլիոն է, իսկ ոչ պաշտոնապես, հաշվարկվում է մինչեւ 4 միլիոն՝ հաշվի առնելով Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից, Ղազախստանից գաղթած հայերի թիվը եւս:

«ՌԴ-ում այսօր հայերի թիվն ավելի շատ է, քան Հայաստանում: Հայերը մեծ թիվ են կազմում Թուրքմենստանում, Տաջիկստանում, որն այնքան էլ լավ ուսումնասիրված չէ, բայց նրանց մեծ մասը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Հայերի՝ թվով երկրորդ պետությունը ԱՄՆ-ն է, որտեղ պաշտոնապես հայերի թիվը 1,5 միլիոնից ավել է: Երրորդ պետությունը Ֆրանսիան է: Այսինքն՝ սրանք այն առաջին եռյակ պետություններն են, որտեղ հայկական համայնքը մեծ թիվ է կազմում: Այս երեք պետությունների հայկական համայնքի ազդեցությունը կամ այսպես ասենք կապը հայրենիքի հետ ամուր է: Հայերը մեծ թիվ են կազմում Արգենտինայում, Լիբանանում, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Սիրիայում, որտեղ հիմա հայտնի պատճառներով խիստ պակասել է: Վրաստանի Հանրապետությունում Խորհրդային տարիներին հայերի թիվը 500 հազարից անցել է, այսինքն` Վրաստանի բնակչության 10-15 տոկոսը կազմել են հայերը, այս ցուցանիշը հիմա նվազել, հասել է 1-2 տոկոսի: Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Սիրիայի, Լիբանանի, Իրանի հայությունը շատ սերտ կապեր ունի հայրենիքի հետ»:

Մեր զրուցակցի կարծիքով, Ռուսաստանի հայերն ամենաշատն են օգնում հայրենիքին, տնտեսապես էլ ակտիվ են: «Ամենաազդեցիկը Ռուսաստանի հայությունն է, թե՛ ՀՀ գումար ուղարկելու, թե՛ օգնելու՝ տրանսֆերնտերի եւ այլնի տեսքով: Մեր երկրի վրա ՌԴ-ի հայությունն ավելի մեծ ազդեցություն ունի, քան այլ երկրներում բնակվող հայկական համայնքի: ՌԴ-ի որոշ հատվածներում հայկական համայնքը շատ ավելի կազմակերպված է: Մարտական գործողություններով պայմանավորված՝ Ռուսաստանի Դաշնության հայ համայնքը մեծ օգնություն ցուցաբերեց: Հայը, որ կարող է հայ մնալ, դա ՌԴ-ում է, իսկ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում չգիտես մի 50 տարի հետո հայության հետ ինչ կլինի. ասում են՝ ԱՄՆ-ն հայրենիք մոռացողների երկիր է: ԱՄՆ-ի հայկական համայնքը շատ քիչ է օգնում, բայց ինքը հեռուստատեսությամբ ու մյուս ԶԼՄ-ներով այնպես է ներկայացնում, որ իր ազդեցությունը շատ մեծ է նյութական առումով: Իսկ ՌԴ-ի հայության օգնությունը, միջամտությունը մեր կյանքում շատ ավելի մեծ է ու անտեսանելի»,- կարծում է Արտաշես Բոյաջյանը:

Թեեւ, ըստ մեր զրուցակցի, մենք այս երկրների հայությանը պետք է դիտենք ոչ թե օգնություն տվողների, այլ ինքներս պետք է դառնանք նրանց օգնություն ցուցաբերող, ինչպես օրինակ անում է Իսրայելը:

Մեր դիտարկմանը, թե Ռուսաստանի հայերն այդքան ազդեցություն չունեն, որ Ռուսաստանի քաղաքական որոշումները ինչ-որ չափով ի նպաստ հայերի լինեն, օրինակ՝ չեն կարողանում որեւէ կերպ խոչընդոտել ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը կամ թեկուզեւ հասնեն նրան, որ կրճատվի այդ քանակը, մեր զրուցակիցը նշեց, որ խոշոր գերտերությունները ունեն իրենց աշխարհաքաղաքական շահերը:

Ըստ Արտաշես Բոյաջյանի, պետք է իրատես լինել. եթե Ռուսաստանի կառավարությունը նպատակահարմար է գտել զենք վաճառել, դա քաղաքականություն է: «Եթե օրինակ՝ ԱՄՆ-ն զենք չի վաճառում Ադրբեջանին, թեեւ դա դեռ հարց է, բայց եթե չի էլ վաճառում, դա չի նշանակում, թե հայ համայնքի ազդեցությունով է դա պայմանավորված: Նույն Իսրայելը, որը ԱՄՆ-ի թիվ 1-ին դաշնակիցն է եւ առանց ԱՄՆ-ի այդ հարցով որեւէ քայլի չի կարող դիմել, զենք է վաճառում Ադրբեջանին: Նույն Թուրքիան, որը ԱՄՆ դաշնակիցն է, զենք է վաճառում: Այստեղ դաշնակիցն էլ այնքան էական ու կարեւոր չէ, այսօր Թուրքիան, որը ԱՄՆ-ի դաշնակիցն է, բայց ԱՄՆ-ն զենք է վաճառում քրդերին, իսկ քրդերը թշնամի են թուրքերին, զենքի շուկան այնպիսի մի բան է, որ ամեն երկիր ձգտում է այդ շուկայում տեղ ունենալ», ասում է մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031