Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր Նշան Ասատրյանի գործի քննությունը:
Դատական նիստի ընթացքում Նշան Ասատրյանի պաշտպան Վարուժան Վարդանյանը հայտարարեց, որ գործի իր պաշտպանյալի նկարագրող հատվածում ներառված չէ զինվորական գրքույկը: Նա դատարանին տրամադրեց զինգրքույկի պատճենը եւ խնդրեց ուսումնասիրել այն:
Մեղադրող Գեւորգյանը ընթերցեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ըստ որի Նշան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուղղակի դիտավորությամբ խոչընդոտել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանող` զանգվածային լրատվության միջոց հանդիսացող` «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի լիազորությունների իրականացմանը:
Նշան Ասատրյանը հայտարարեց, որ համաձայն է մեղադրանքի հետ, իրեն մեղավոր է ճանաչում եւ զղջում է կատարվածի համար: Նա նաեւ միջնորդեց, որ արագացված դատաքննության կարգ կիրառվի:
Կարդացեք նաև
Դատաքննությունն ավարտվեց: Մեղադրող Գեւորգյանը հայտարարեց, որ մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքներ չկան, եւ միջնորդեց Նշան Ասատրյանի նկատմամբ որպես պատիժ կիրառել տուգանք՝ 600,000 դրամի չափով: Վարուժան Վարդանյանը խնդրեց դատարանին մեղմ պատիժ կիրառել՝ օրենքով սահմանված նվազագույն տուգանքի չափով, եւ բացատրեց, որ իր պաշտպանյալը չի սիրում, որ իրեն լուսանկարահանում են:
Անուշ Մկրտչյանն իր ցուցմունքում նշել է, որ Նշան Ասատրյանին նկարահանելու մտադրություն չի ունեցել, նա կադրում չի էլ եղելմ ու մյուս մայթից նկատելով տեսախցիկը՝ մոտեցել է իրեն։
Նշան Ասատրյանը հայտարարեց, որ զղջում է կատարվածի համար, եւ խնդրում է մեղմ վերաբերվել:
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 16-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ