Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ կամավորական ջոկատի տղաները՝ լավագույն ուսանողներ

Մայիս 30,2016 20:12

Այսօր Երևանի պետական համալսարանում կայացավ  «Ուսանող-2016» ամենամյա մրցանակաբաշխությունը: Այս տարի ԵՊՀ Ուսանողական խորհուրդը լավագույն ուսանող ճանաչել էր ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում սահման մեկնած 40 կամավոր ուսանող տղաներին: Նրանք պարգևատրվեցին ԵՊՀ ՈՒԽ արծաթե հուշամեդալով:

ՈՒԽ նախագահ Րաֆֆի Քարամյանը նշեց, որ տղաներին լավագույն ուսանող ճանաչելը ՈՒԽ-ի կողմից ընտրվել և որոշվել է միաձայն. «Ինչպես յուրաքանչյուր հայրենասեր մարդ, ԵՊՀ-ի ուսանողները նույնպես ցանկացան իրենց օգնության լուման ունենալ հայրենիքին օգտակար լինելու գործում: ԵՊՀ-ն մասնակցել է բոլոր միջոցառումներին. ուղարկել ենք նյութական օգնություն, մեր ուսանողներն, ուսումը թողնելով, գնացին կանգնելու տղաների կողքին: Մեր 40 կամավորները ներկայացրել են համապատասխան փաստաթղթերը, որ իրենք մեկնել են առաջնագիծ: Սակայն չենք սահմանափակվելու միայն այսօր այս 40 հոգով. կան ուսանողներ, որ այս պահին առաջնագծում են: Նրանք, երբ վերադառնան, անպայման կպարգևատրվեն»:

EPH_2

ԵՊՀ «Մարտական ակումբ»-ի ղեկավար, կամավորական ջոկատի հրամանատար Արմեն Խաչիկյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ մոտավորապես մեկ տարի է, ինչ գործում է իրենց ակումբը. նրանք ընկերներով որոշել են այն հիմնել ծառայությունից վերադառնալուց հետո. «Երբ վերադարձանք ծառայությունից, հասկացանք, որ ուսանողների շրջանում կարիք կա մարտական ոգու պատրաստվածության բարելավման: Որոշեցինք հիմնել «Մարտական ակումբ»-ը: Արդյունքում ակումբի շրջանակներում ռազմական պատրաստվածության տեսական և գործնական դասընթացներ անցան ուսանողները: Աղջիկներն ու տղաները սովորել են կրակել, ռազմական այլ հմտություններ:  Ապրիլին տեսնելով ղարաբաղաադրբեջանական սահմանին առկա լարված իրավիճակը՝ հասկացանք, որ մեր ներուժը կարող է որևիցե դեր ունենալ այս գործընթացում»:

Արմենը հավելեց, որ սահման մեկնելու համար հավաքագրվել էր մոտավորապես 300 ուսանող, այդ թվում 100-ը՝ աղջիկներ: ՊՆ թույլտվությունից հետո մեկ ժամում հավաքվել և մեկնել են, լսարաններից դուրս եկել և նստել ավտոբուս, դա է պատճառը, որ 40-ն են մեկնել. «Ուսանողների կամավոր հավաքագրում իրականացրեցինք, որի արդյունքում մի քանի օր անց մեկնեցինք սահման: 15 օր մնացինք այնտեղ ազատամարտիկների հետ, որոնք մեզ շատ բան սովորեցրին: Յուրաքանչյուր շփումն իրենց հետ նոր դաս ու փորձ էր մեզ համար: Բոլոր տղաները ծառայած էին, հիշեցինք նաև մեր ծառայությունը: Ճիշտ է, բոլորս էլ ծառայության ժամանակ եղել էինք դիրքերում, սակայն այս անգամ ամեն ինչ այլ էր»:

ԵՊՀ քաղաքագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող կամավորական ջոկատի անդամ Դավիթ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ղարաբաղում իրավիճակի  մասին տեղեկանալուց հետո ցանկացել է ընկերոջ հետ միանգամից մեկնել, բայց չի ստացվել. «Մենք՝ բոլորս, պատմությունն ուսումնասիրել ենք, որպես իդեալ մեր առաջ ունենք ֆիդայիներին: Ոգեշնչվել ենք նրանց պատմություններով: Եվ հիմա, եթե մենք չգնանք չկանգնենք սահմանին, նշանակում է՝ մենք մինչ այս ինչ խոսել ու մեր հայրենասիրությունը բառերով ցույց ենք տվել, ոչինչ է»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031