Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով սանմաքրման խնդրին, կոմունալ տնտեսության վարչությանը և խորհրդակցությանը ներկա «Սանիթեք» ընկերության ներկայացուցչին հանձնարարել է առավել ակտիվացնել տարվող աշխատանքները սանմաքրման ոլորտում և սահմանել հերթապահություն:
«Եթե աղբահանության մասով դրական փոփոխությունն ակնհայտ է, ապա նույնը դեռևս չի կարելի ասել սանմաքրման հետ կապված: Եղանակային պայմաններից ելնելով՝ մեր համաքաղաքացիները և քաղաքի հյուրերն ավելի շատ ժամանակ են անցկացնում դրսում: Հետևաբար` ամենուր պետք է սահմանվի առավել խիստ հսկողություն և հերթապահություն՝ մայրաքաղաքում սանմաքրման աշխատանքների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով», – ընդգծել է քաղաքապետը:
Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքում վերանորոգվել է 111 մուտք, ևս 13-ը կվերանորոգվի այս շաբաթ: Վարչական շրջաններում կազմակերպվել են շրջայցեր՝ կատարվող աշխատանքների որակը վերահսկելու նպատակով:
Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները, ինչպես նաև ուսումնասիրել և գույքագրել մայրաքաղաքի բոլոր բազմաբնակարան շենքերի մուտքերը:
Կարդացեք նաև
«Բազմաբնակարան բնակելի ֆոնդի պահպանման ուղղությամբ զգալի աշխատանք է տարվում, և հանրությանը պետք է հստակ ներկայացնենք մեր ծրագրերը: Քաղաքացիները պետք է իմանան, թե երբ և ինչ աշխատանքներ է նախատեսվում կատարել իրենց մուտքերում: Ունենք 5000 բազմաբնակարան շենք, որոնց մասով պետք է կազմել հստակ ժամանակացույց և այն ներկայացնել նաև քաղաքացիներին, որպեսզի յուրաքանչյուրն իմանա, թե երբ է նախատեսված իրենց մուտքի նորոգման աշխատանքները», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն