«25 տարին թվում է՝ քիչ չէ՝ համակարգի լիակատար վերափոխման համար»,- մայիսի 30-ին Հայաստանի Հանրապետությունում արդարադատության ոլորտում 25 տարիների ընթացքում իրականացված բարեփոխումներին նվիրված համաժողովի ընթացքում ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Խորհրդային Միության տարիներին ձայնազուրկ եւ կախյալ դատական համակարգ էր, սակայն ԽՍՀՄ փլուզմամբ արդարադատության համակարգի նկատմամբ հասարակության պատկերացումները եւ հասարակության աշխարհայացքը չանհետացավ. «Մենք այդ արժեհամակարգը փոխելու ուղղությամբ մինչեւ օրս էլ աշխատում ենք: Շատ դժվար, երկար ճանապարհ ենք իրականում անցել մինչեւ այս օրը, բայց պետք է գոհունակությամբ փաստեմ, որ շատ բան արված է համակարգում, եւ միեւնույն ժամանակ հսկայական անելիքներ դեռեւս առջեւում են»:
Արփինե Հովհաննիսյանը ընդգծեց, որ այդ գործընթացն ունի մարտահրավերներ եւ բացթողումներ. «Դրանց որոշ մասը իրենց լուծումները կգտնեն մինչեւ բարեփոխումների ընթացիկ փուլի ավարտը՝ 2016 թվականին, բայց դրանցից շատերը իրենց լուծումը կստանան նաեւ բարեփոխումների հաջորդ փուլի ընթացքում: Ինչպես վկայում է համառոտ գնահատումը, Հայաստանն այսօր ունի ժամանակակից արդարադատության ոլորտի բոլոր առանցքային կառույցները, իրավական եւ կարգապահական շրջանակները կայացած են, մարդկային ռեսուրսներն առկա են եւ իրավազոր, անհրաժեշտ ենթակառույցները ներդրվում են, եւ պլանավորվում է ավարտին հասցնել հաջորդ փուլում»:
Նախարարը լիահույս է, որ թերություններին կկարողանան բաց աչքերով նայել, ախտորոշել դրանք, եւ այնուհետեւ լրջագույն քայլեր ձեռնարկել, որպեսզի արդարադատության համակարգը ավելի մատչելի եւ ավելի արդյունավետ գործի:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ