2008 թվականից իշխանական տարբեր հալածանքների, հարկային ճնշումների ենթարկված Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության համակարգող կենտրոնի անդամների նախաձեռնությամբ օրերս ստեղծվեց «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցությունը, որն առաջիկայում կմասնակցի Գյումրու ՏԻՄ, իսկ հետո ԱԺ ընտրություններին:
Ինչպես մեզ հետ զրույցում ներկայացրեց կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմենուհի Վարդանյանը, համակարգող կենտրոնի ներկայացուցիչները կուսակցություն ստեղծելու որոշումը ընդունել են շատ մեծ դժվարությամբ՝ երկար ժամանակ քննարկելով՝ արդյոք կարիք կա՞ ընտրելու քաղաքական գործունեության ճանապարհ: Ի վերջո, հանգել են այն եզրակացության, որ դա է այս պահին հարցեր լուծելու միակ ճիշտ ճանապարհը:
«Բացատրեմ, թե ինչո՞ւ որոշվեց ստեղծել կուսակցություն. Գյումրին տարբեր ընտրությունների ժամանակ ընդգծված հակաիշխանական դիրքորոշում ունի: Այստեղ պարտվել է Սերժ Սարգսյանը, այստեղ պարտվել է Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը, այստեղ պարտվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Գյումրիի ընդգծված դիրքորոշումը, սակայն, որեւէ կերպ առարկայական չի դառնում, քաղաքում որեւէ բան չի փոխվում ամեն ընտրությունից հետո:
Թվում էր, թե ցանկացած նորմալ երկրում քաղաքի բնակչությունն այդ կերպ ընդդիմադիր է գործող իշխանությունների նկատմամբ, գործող իշխանությունը պետք է դասեր քաղի, գործ անի, որպեսզի հաջորդ ընտրություններին պարզերես գա, ասի՝ ես այս, այս քայլերն եմ ձեռնարկել, ընտրեք մեզ: Իրականում ոչ մի քայլ չի արել, արդյունքում ստացվել է հետեւյալը. Գյումրին, հակաիշխանական լինելով հանդերձ, չունի որեւէ մեկը, որը կսպասարկի Գյումրիի շահերը, այդ թվում խորհրդարանում:
Կարդացեք նաև
Ես չեմ թերագնահատում որեւէ պատգամավորի աշխատանք, սակայն լրագրողական գործունեության ընթացքում շատ դեպքերի ենք հանդիպել, երբ ցանկացել ենք Գյումրիին առնչվող որեւէ հարց մեր՝ Գյումրին ներկայացնող պատգամավորների միջոցով բարձրաձայնել խորհրդարանում, սակայն այդ պատգամավորները դրսեւորել են բացակա կեցվածք: Հասկացել ենք, թե ինչու, որովհետեւ իրենք կախված են Սերժ Սարգսյանից:
Իշխանության ներսում ընդունված է ասել «դաբրոյով» են աշխատում, այսինքն չեն ունեցել համարձակություն այդ խնդիրը բարձրաձայնել խորհրդարանական ամբիոնից, որովհետեւ հասկացել են, որ Սերժ Սարգսյանը կպատժի իրենց դրան համար, որ իրենք համարձակություն ունեն այդ հարցը բարձրաձայնելու: Մենք անհրաժեշտ ու նպատակահարմար ենք համարում, որ Գյումրին ունենա իր խոսափողը նախեւառաջ խորհրդարանում:
Մասնակցելու ենք առաջիկա ՏԻՄ ընտրությունների, բայց դա լինելու է սկիզբը քաղաքական գործընթացների մասնակցության: Միամտություն կլինի ասել, որ Տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացված լինելով՝ կկարողանանք իրավիճակ փոխել մեր քաղաքում, դա չափազանցություն կլինի: Տեղական իշխանությունը շատ բան չի կարող փոխել, դարձյալ այն պատճառով, որ չունի համարձակություն»,- ասաց Արմենուհի Վարդանյանը:
Ըստ մեր զրուցակցի, քաղաքական դաշտը տարիներ շարունակ պղծվել է, վարկաբեկվել է, իրենք մտնում են քաղաքականություն՝ գիտակցելով, որ այն հղի է վտանգներով, ռիսկերով, մտնում են՝ թիկունքում ունենալով 11 տարվա անցած ճանապարհ ու մաքուր կենսագրություն:
Արմենուհի Վարդանյանի ասելով, այնպես պետք է անեն, որ գյումրեցու ձայնը պիտի լսելի դարձնեն, որպեսզի թասիբով քաղաքում մարդիկ արժանավայել ապրեն, որպեսզի այս քաղաքի բնակիչները ման չգան ցեխոտ փողոցներում, չփակեն դռները ու հեռանան: «Պետք է պարտադրել գործող իշխանություններին, որ ռեալ գործ անեն Գյումրիի համար, տեր կանգնեն Գյումրիին, պետք է մի կողմ դնեն պոպուլիզմը՝ ամեն տարի գալ Թատերական հրապարակում ելույթ ունենալ ու հեռանալ անորոշ ժամանակով: Մենք ասում ենք, որ պարտադրելու ենք, որ կյանքի կոչվեն խոստումները: Նորաստեղծ ԳԱԼԱ-ն պետք է լինի Գյումրիի խոսափողը»:
«Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցության համագումարը տեղի կունենա հուլիսի մեկին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Արմենուհի Վարդանյանի ֆեյսբուքյան էջից