Ալիեւի սանձազերծած պատերազմից չորս օր անց կրակի դադարեցման ուղղությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց Մոսկվայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետերի հանդիպման արդյունքում: Այս լուրը ապրիլի 6-ին կառավարության նիստում հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` նշելով, որ նախորդ օրը Մոսկվայում հանդիպել են երկու երկրների ԳՇ պետերը ու ձեռք է բերել կրակի դադարեցման պայմանավորվածություն:
Այսինքն, Մոսկվան կասեցրել էր հայկական կողմի առաջխաղացումը: Հիշենք, որ համառ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ հենց Բաքուն է խնդրել հրադադար, չնայած այն բանին, որ Ադրբեջանն ինտենսիվ կերպով հակառակ քարոզչություն էր իրականացնում:
Պաշտոնական Բաքուն այսօր, սակայն, լիովին այլ «բացահայտումներով» է հանդես գալիս:
Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է. «Ապրիլի 4-ից սկսած՝ միջազգային կազմակերպությունները կրակը դադարեցնելու մասին հայտարարություններով դիմեցին Հայաստանին ու Ադրբեջանին: Բնականաբար, նրանք ունեն դրա իրավունքը, միջազգային իրավունքի նորմերը պահանջում են, որ հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով: Այդ պատճառով էլ Ադրբեջանը հարկադրված դադարեցրեց պատերազմը, եւ դրանում իր հիմնական դերն է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Վիեննայի գործընթացները ցույց տվեցին, որ Ադրբեջանը համանախագահող երկրների հետ խոսել է ավելի պահանջկոտ ձեւով: Համանախագահող երկրներն արդեն վճռականորեն են տրամադրված ստատուս քվոն երկար ժամանակ չպահպանելու հարցում»: Հասանովը նաեւ հավելել է, թե Ղարաբաղյան հակամարտությունը կքննարկվի ավելի դինամիկ ձեւով եւ կստանա իր լուծումը: Նրա խոսքով՝ կան միջազգային իրավունքի նորմեր, որոնց համաձայն՝ նման հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով:
Կարդացեք նաև
Թեմայի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ` մայիսի 31-ի տպագիր «Առավոտ»-ում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Նախ Ալիևը եղել է ԱՄՆ-ում, այլ ոչ թե Մոսկվայում ու եթե ինչ որ հարց է քննարկվել, ապա դա եղել է այնտեղ, երկրորդ` պետք չէ մեր ղեկավարների թերությունները բարդել այլոց վրա և երրորդ` իրավիճակի թե իրական պատկերը, թե վերլուծությունը այլ հարցեր է առաջ բերում, որոնց Դուք նույնիսկ չեք անդրադառնում:
Բոլորը գործել են իրենց երկրների շահերից ելնելով, իսկ ում շահերն են պաշտպանել մեր ղեկավարները?: